Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արտացոլում նրա մտածությունների, ապրումների, արարքների մեջ։ Աննայի ոչ կենսափորձի փաստերը ներփակ խմորում ունեն, առաջին նշանակալից երկն իսկ Նար-Դոսը հաստատապես տանում է հոգեբանական արձակի ուղիով: Հերոսուհու ներքին տագնապներն ու ցնցումները բաղհյուսելով նրա ընտանիքի կործանման փաստերին, հեղինակը սուբյեկտիվ բնությունը բացում է օբյեկտիվ էպիկական պատումով: Նամականու ձևը հնարավորություն է տալիս խուսափել միջանկյալ նկարագրություններից, մանրամասներից, հանգամանալի բացատրություններից կարեյույն չափ սեղմ ու ցցուն ընդգրկել հանգուցային պահերը: «Աննա Սարոյանում» Նար-Դոսը հաստատում է, որ կասկածը բանականության կարողությունների հանդեպ, անգիտակցականի հաղթարշավը, ինտուիցիային հանձնվելու հակումը, թուլությունը, վհատությունը արտաքին որոշակի ազդակներ ունեն և ինքնաբերաբար վարձատրվում են դժբախտ ճակատագրի, մահվան անխուսափելիության հետապնդող գաղափարով: Հասարակությունից մեկուսացված, հեռանկարից զուրկ, կորսվող ժամանակի և տարածության չքացող սահմանների մեջ դարբնվում է գոյի ողբերգական աբսուրդի գիտակցությունը: Նյութական աղքատացումը հասցնում է կյանքի սնանկացման, փակում կյանքի սնանկության կախարդական շրջագծում: Ելք չկա: Ներանձնացած եսի նեղլիկ դիտակետից համապարփակ իրականությունը ընկալվում է իռացիոնալիզմի հիվանդ գիտակցությամբ: Կորչում է գոյի նշանակության ու նպատակի, իրար և նույնիսկ ինքն իրեն հասկանալու հավատը: Այստեղ իսկ նկատելի է էքզիստենցիալիզմին հատուկ մոտիվների առկայությունը։ Այն առաջացել էր հեղինակի սեփական մտքերի ընթացքով, նրան մտատանջող գոյի հանելուկների գեղարվեստական քննությամբ ու ներշնչվել նաև գրական, փիլիսոփայական տպավորություններով: «Աննա Սարոյանում» հիշատակվում է Դոստոևսկու անունը, իսկ «Զազունյան» վեպում զրույց է գնում Շոպենհաուերի և Հարտմանի վարդապետության մասին, իրենց հոռետեսությամբ նրանք հասնում են «ամբողջ մարդկությանը» ոչնչացնելու վերջնական նպատակին: Մերժելով այն, Արսեն Զազունյանը առաջ է քաշում սեփական տարբերակը՝ իրեն հոգու հոռետես համարելով, որքան էլ «հակասություն թվա», քանզի նա ուղղագիծ առաջադիմության կողմնակից է. ինչ որ գոյություն ունի աշխարհիս երեսին դեպի լավը, բարին է ուղղված: Հակասությունը արհեստական է, իսկ իրական հակասությունն այն է, որ նրա օպտիմիզմը աշխարհայացքային բնույթ անի, իսկ պեսիմիզմը՝ զուտ հոգեբանական. մի դեպքում չարն ու բարին պատմահասարակական լայն բովանդակությամբ, մյուս դեպքում սոսկ անհատական, ներքին, միակ, բնավորության յուրակերպություն: Օպտիմիզմն ու պեսիմիզմն այստեղ դիտվում են ոչ միայն իրարից կտրված, այլև բոլորովին տարբեր մակարդակներում: Նման դեպքում այլ կերպ չէին էլ կարող հանդես բերվել փիլիսոփայական ուսմունքները՝ քան սոսկ սրտի և մտքի առօրեական համադրությամբ (Շոպենհաուերը և Հարտմանը «մտքի մեծ պաշար են տալիս, բայց սրտին— ո՛չ մի»): Մարդկության բարոյական վերածնության Զազունյանի հավատը և անձնական դժբախտությունը միջոց են դառնում բարոյական հայտնի սկզբունքի առաջադրման,