Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մային աշխատում էր, գիշեր-ցերեկ աշխատում — կար էր անում, լվացք էր անում, հաց էր թխում, թոկ էր գզում, բարդաններ էր կարում, հինած էր հինում, պարսիկ վաճառականների համար նուշ, ընկույզ, տխիլ էր կոտրում. կարիքը ստիպել էր նրան վարժվելու ամեն տեսակ աշխատանքի, և ոչ մի օր նրա ձեռքը դադար չէր առնում։ Հարատև աշխատանքը, զրկանքներն ու հոգսերը և ամուսնու պատճառած ֆիզիկական ու բարոյական տանջանքները հալումաշ էին արել խեղճին։ Նրա կյանքը դարձել էր մի տեսակ անասնական, չէր իմանում ի՛նչ օր է լուսանում, ի՛նչ օր մթնում. մի բան էր միայն իմանում — երեխաները քաղցած են՝ պետք է աշխատել, երեխաները տկլոր են՝ պետք է աշխատել, տանտերը պահանջում է վարձը՝ պետք է աշխատել։

Ահա այս գիշեր էլ, չնայելով շաբաթ գիշեր է, կիրակշտեք է, երբ ամեն աշխատանք դադար է առնում, նա դարձյալ աշխատում է. կարում է ամբողջ օրը՝ վաղ առավոտից նստած, որպեսզի վերջացնի, տանի տա տիրոջը, մի քանի կոպեկ փող ստանա, գեթ վաղը մի քիչ հաց առնելու։ Առանց այն էլ երեխաները այսօր ամբողջ օրը սովից վնգստում էին։ Փոքրն արդեն շատ վնգստալուց հոգնել, քնել է, մեծն էլ, աղջիկը՝ չես իմանում ինչի է սպասում։ Նրա մատները փետացել են, ասեղը հազիվ են բռնում. մեջքը կորացել, չորացել է, որ շտկում է, կարծում է, թե ողնաշարն ուզում է կոտրվել։

Երկար, շատ երկար գոռաց, գոռգոռաց Դավիթը, հայհոյեց, էլ մեռել ու կենդան չթողեց, հետո պառկեց թախտի վրա, ձեռները դրեց գլխի տակ և սկսեց նայել առաստաղի կաթիլքից բազմազան գույներ ստացած, ճաքճքած գերաններին։ Փոքրիկ աղջիկը, որ հոր ահից հենց այնպես էլ մնացել էր դռան մոտ պպզած, ուր դռան ճեղքերից փչող սառը քամին մրսեցնում էր նրա վտիտ մարմինը, կամաց վեր կացավ, կատվի քայլերով գնաց բարձրացավ թախտը և նստեց մոր մոտ, մերկ սրունքները ծածկելով չթի դերիայի կարճ փեշերի տակ։ Շուտով նրա աչքերի կոպերը ծանրացան, և նա նստած տեղը սկսեց նիրհել։

Մայրն ատամներով կտրեց կարի թելը, որի ժամանակ