Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որն Ավետարանում ըստ Ղուկասու ձևակերպվել է այսպես. «Եւ որպէս կամիք թէ արասցեն մարդիկ, այնպէս արասջիք և դուք նոցա» (գլ. Զ. 31): Վեպն անկասկած Նար-Դոսը կառուցել է՝ ելակետ ընդունելով Քրիստոսի այս հրահանգը, բարոյական ողջ իմաստն ու հոգեբանական բովանդակությունը փորձելով բացել հերոսին նույն հարաբերության մեջ հակադիր դերեր տալով: Գրողի համար, պետք է կարծել, հայտնություն էր, որ թեև ստեղծագործական նշանակալի արդյունք չտվեց, բայց հստակ ու որոշիչ էր իբրև նյութի ծավալման սկզբունք. Զաքարին բախտը «վիճակել էր նույն դերը կատարելու, ինչ դեր կատարում էր այդ բանում ինքը— Զազունյանը»:

Նար-Դոսի թվարկած «շատ թույլ» երկերի թվում է «Քնքուշ լարեր» վեպը: Հեղինակն ընդամենը քսան տարեկան էր, լուրջ արձակի, այն էլ վեպի համար դեռ շատ երիտասարդ: Իսկ վեպը այժմ էլ կարդացվում է հետաքրքրությամբ: Այն ռոմանտիկական ազդեցությունների ծնունդ է, ավելին, անմիջական տպավորությամբ՝ տիպիկ ռոմանտիկական սիրավեպ: Զգայացունց ռոմանտիկական սիրո բոլոր անհրաժեշտ նշաններն ու աքսեսուարները կան: Չափազանցված, բևեռացված, բացառիկացված, պարզ, առօրյա, կյանքային գծերից մաքրված գեղարվեստական մի հորինվածք է սկսած զրույցներից, վերջացրած ներքին բարոյական փոթորիկով: Հարաբերությունները հիմնված են մի տեսակ հրեշտակների և հրեշների հակադրության վրա, որ չարի և բարու ռոմանտիկական ըմբռնման արձագանքն է: Այնուամենայնիվ, «Քնքուշ լարերը» արվեստագետի որոնումներին ու անցման շրջանին հատուկ գեղարվեստական պատկերման, միևնույն երկում տարբեր եղանակների կիրառման մի ցայտուն նմուշ է: Ռոմանտիկական երկի մեջ ձևավորվում են հոգեբանական վերլուծության, կյանքի ճշտության սաղմերը: Այստեղ էլ արդեն դեպքերի հյուսումը ավելի շատ ծառայում է ներքին բարոյական կռվի, հոգեբանական շարժման պատկերմանը: Որքան էլ ռոմանտիկական, վեպը նույնիսկ ծավալային ընդգրկման տեսակետից աչքի է զարնում հոգեբանական վիճակների ու հետևաբար դրանց արտաքին դրսևորումների գերակշռությամբ: «Քնքուշ լարերը» վերջին հաշվով հոգեբանական վեպ է ոոմանտիկական կաղապարի մևջ:

3

«Սպանված աղավնին», որ հեղինակի խոստովանությամբ միանգամայն հավաստի դեպքեր ու դեմքեր է ներկայացնում, ընթերցողին հույժ վիպական, ընդհանրապես հորինված կթվա: Վիպակում Միքայել Մարգարյան անունով հանդես է գալիս ինքը՝ Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյանը): Իր երկում, որպես գեղարվեստական կերպար մտնելով գործողության մեջ, զբաղվում է իր սիրած հոգեբանական վերլուծությամբ: Նա փորձում է մտերիմ ընկերոջը՝ Գարեգինին, հետ պահել սխալ քայլից, բացում է դրության բարդությունը և մինչև վերջ աշխատում է դեպքերի ընթացքը տանել ցանկալի դրական ուղղությամբ: Ոչինչ չի ստացվում: Հեղինակն, այսպիսով,