Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բա իմ գլուխը շներն ու գելերն են կերե՞լ։ Հաա՞։ Տո՛, իմ կնիկն ընչի՞ պտի ուրիշի լվացքն անի, հը՞։ Տո՛, Բագրատն ո՞ւմ շունն ա, որ իմ կնիկը գնա նրա հմար լվացք անի, հը՞։ Տո՛, Բագրատի պես հարուրին կառնեմ-կծախեմ, ու իմ կնիկը պտի գնա նրա հմար լվացք անի՞։ Ի՞նչ անենք, թե գդակին կակարդ ունի ցցած, ես նրա... (հայհոյանք Բագրատի հասցեին)։ Տո՛, ի՞նչ լվացք, ի՞նչ դես, ի՞նչ դեն, ո՞ւմ ես ուզում խաբի, հազիր ասես... Դեսն արի հլա, դեսը... (Հոպոպը քարշ տվավ նրան դեպի ավելի ներս, ձայնը ցածրացրեց, գլուխն առաջ տարավ և ֆշշաց սեղմած ատամների միջից). հազիր ասես գնացել իր նրա հետ շնութին անելո՜ւ... Հը՞, սուտ ա՞... էլի կասե՞ս սուտ ա...

Կինը ձեռքը խլեց նրա ձեռքի միջից և չանչեց նրան։

— Ի՜, հողեմ գիժ գլուխդ,— ասաց նա արհամարհանքով և դարձավ, որ դուրս գնա։

Բայց մարդը չանթեց նրա թևից և թույլ չտվավ, որ տեղից շարժվի։

— Կա՛ց,— գոռաց նա,— ո՞ւր ես գնում, որ գնում ես։ Հենց գիտաս ձեռիցս կպրծնե՞ս։ Գիժը հըմի կտեսնաս, թե ոնց գիժ եմ։ Ընչկլի հոգիդ չհանեմ, կթողա՞մ։ Բա ես մեռե՞լ եմ, որ էն շուն շան որդու հետ ես շնութին անո՞ւմ։ Հը՞, մեռել ե՞մ... մեռել ե՞մ... մեռել ե՞մ...

Եվ ամեն մի «մեռել եմ» խոսքի հետ բռունցքի մի ծանր հարված էր իջնում կնոջ մարմնին, ո՛ւր որ պատահեր— գլխին, ուսին, մեջքին... Կինը մի ձեռքով մանուկը գրկած՝ գլուխը կախել էր, որ հարվածները երեսին չդիպչեն, մյուս ձեռքով աշխատում էր բռնել մարդու ձեռքը, և եթե երբեմն աջողվում էր այդ, Հոպոպն ավելի էր կատաղում և հետագա հարվածներն ավելի անխնա էին լինում։

— Տո՛, գիժ Հոպոպ, ի՞նչ ես ուզում ինձնից,— կանչում էր կինը լաց լինելով։

Ծծի մանուկը ծվում էր նրա խտտին, իսկ մյուս երեխան մի կողմ քաշված՝ դիտում էր այդ շատ սովորական տեսարանը լուռ ու անտարբեր։

— Ես քեզ հլա փե՜տով պտի ծեծեմ, փե՜տով,— ասաց Հոպոպը շնչասպառ և, թողնելով կնոջը, սկսեց խենթի պես