Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դես-դեն ընկնել սենյակում, որ փայտ գտնի։ Փայտ չգտնելով, նրա աչքովն ընկան իր ոտնամանները։ Ու վեր թռցրեց այդ ոտնամաններից մեկը, որի կրնկին հաստ նալ էր խփած գոգավոր մեխերով։

Մինչ այդ կինը ծծի մանուկը դրեց թախտի վրա, շտկեց իրեն և վեր թռցրեց գինու գավը։

— Աբա՛ խփի, աբա խփի, տե՛ս էս գավի գլուխը ո՛րտեղ եմ ուտում,— կանչեց նա անվախ և սպառնագին։

— Վա՛յ ես քու...— բղավեց Հոպոպը և, ոտնամանը ձգելով ձեռքից, վրա վազեց, որ գավը խլի։

Բայց կինը ժամանակ չտվավ նրան, որ իրեն հասնի, ոտները հանեց չուստերից և դուրս փախավ գավը ձեռին։

Մարդն ընկավ նրա հետևից։

Ու փողոցում, ուր թաղի կանայք և երեխաներն արդեն հավաքվել էին նրանց աղմուկի վրա՝ սովորական տեսարանը դիտելու, մարդ ու կին վազում էին — կինը առջևից գավը ձեռին, մարդը հետևից գլխաբաց, ոտաբոբիկ և ներքնաշորով։

Փողոցում մի անասելի ժխոր էր բարձրացել. կանայք հռհռում էին, երեխաները սուր ծկլթոցներով «Հոպոպ» էին աղաղակում և սուլում, իսկ թաղի մանրավաճառի խանութի առջև հասուն տղերքը ծիծաղելով բղավում էին. «Հասի, հա՛, Հոպոպ, հասի, հա՜»։

Այդ սարսափելի ժխորի մեջ Հոպոպը վազում էր հա՛ վազում կնոջ հետևից, կարճ շապկի փեշը փռփռացնելով օդի մեջ և աչքը տնկած կնոջ ձեռքի գավին, որի մեջ գինին լխկլխկում էր և թափվում բերանից։

Քանի գնում, այնքան փոքրանում էր տարածությունը մարդ ու կնոջ միջև, որովհետև գավը խանգարում էր կնոջն ավելի արագ վազելու։ Վերջապես, մի քանի քայլ էր մնում, որ մարդը հասներ կնոջը, երբ հանկարծ կինը, առանց կանգ առնելու, ձեռքը բարձրացրեց և գավը ուժգին թափով գետնովը տվեց։ Գավը բխկաց և ալ վարդի պես բացվեց։ Տակի հաստ մասը քրեղանի պես մնաց ընկած տեղը, իսկ բարակ պատերի թաց փշուրները թռան այս ու այն կողմ. կարմիր գինին ներկեց գետինը լերդացած արյան սև գույնով և իսկույն ծծվեց արևակեզ գետնի մեջ։