Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատ հնաձև աթոռների սպիտակ երեսները փայլում էին ձյունի մաքրությամբ։ Մինչև անգամ պատի տակ դրված, տակը ջրակալած և ամբողջապես ջուր լացող կարմիր խելադան ամեն անգամ ջրով լցվելիս խնամքով ողողվում, մաքրվում էր։ Ճանճ ասված բանը գոյություն չուներ այդ սենյակում, ուր ներքնատան մի տեսակ ծանր զովություն էր տիրում։ Հաճախ կարելի էր տեսնել միայն մի որևէ հոթիս, որ դուրս գալով հայտնի չէ որտեղից՝ լույսից վախեցած վազում էր թախտի տակը մտնելու, կամ մի նամաճիճու, որ տրխկալով ցած էր ընկնում առաստաղից մեջքի վրա և սպիտակ փորը վերև արած երկար ժամանակ ոտները բալդի-բալդի էր անում, մինչև որ աջողում էր շուռ գալ, և ծանր ու բարակ, կարծես խոր մտածմունքի մեջ, սկսում էր ուր-որ գնալ։

Ամառվա տոթ երեկո էր։ Օդն այնքան անշարժ էր, որ պատուհանների վար թողած վարագույրներն ամենևին չէին շարժվում։ Անանը նստած էր հատակին մի չլի վրա և երեխային վեր էր կացնում օրորոցից։ Նա դեռևս շատ ջահել կին էր, հազիվ քսան տարեկան, չթի հնամաշ դերիայով և գլխին մաքուր, սպիտակ աղլուխ փաթաթած։ Կազմվածքն այնքան նիհար էր, որ պարզորոշ նկատվում էին թիակների սուր ծայրերը, որոնք դուրս էին ցցվել բարակ դերիայի տակից և մեջքի վրա, վերևից ներքև, տաշտանման մի փոս էին գոյացրել։ Մի տեսակ սարսափի արտահայտություն կար նրա տեղ-տեղ կարմրատակած, տեղ-տեղ կապտած և տեղ-տեղ ուռած դեմքի վրա, մանավանդ տարօրինակ կերպով չռած-քարացած աչքերի մեջ, որոնք կարծես ծայրահեղ ապուշ տարակուսանքով հարցնում էին շարունակ. «ինչո՞ւ, ինչո՞ւ...» ու ոչ մի տեղից պատասխան չէին ստանում։

Լուռ ու մունջ առավ երեխային, դրեց գոգը և սկսեց հագցնել։ Երեխան ծիծաղկոտ աչքերով նայում էր նրա քարացած դեմքին և, ինչ-որ թոթովելով, կարծես քնքշանք էր խնդրում մորից, բայց մայրը կարծես չգիտեր, թե ինչ է քնքշանքը։ Սակայն, երբ երեխան փամփլիկ ձեռքը մեկնեց և սուր եղունգով բռնեց նրա քթից, նրա դեմքի վրա ժպիտի նման մի բան երևաց. նախ համբուրեց երեխայի ձեռքը, գլխի մի թեթև շարժումով քիթն ազատեց նրա ձեռքից, հետո խոնարհվեց