Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և շրթունքը ամուր ու կաթոգին սեղմեց նրա թխլիկ այտերին։ Բայց և այնպես սարսափը քարացած էր նրա դեմքի վրա և աչքերի մեջ։

Ներս մտավ մի կին միջին տարիքով, սև հագուստով, կարմիր քրտնած դեմքով, մի սև շալ ձեռքին։ Ամբողջ թաղում և թաղի սահմաններից էլ դուրս նա հայտնի էր գիժ-Հոռոմսիմ անունով։ Եվ իզուր չէր, որ վաստակել էր այդ անունը։ Կիսախելագարի մեկն էր, վերին աստիճանի չար և կռվարար. օր չէր անցնի, որ մեկի հետ չկռվեր — ով ուզում է լիներ այդ մեկը՝ հարազատ, հարևան թե անծանոթ։ Տարին տասներկու ամիս անեծքներ էին միայն, որ թափվում էին նրա բերանից։ Անիծելիս շատ անգամ կատարյալ բանաստեղծ էր դառնում. այնպիսի հզոր ու ազդու, երբեմն և կնոջ բերանին անսազ անեծքներ ու հայհոյանքներ հորինում, որ ոչ ոք ոչ մի տեղ չէր լսել։ Եվ ամբողջ թաղը սարսափում էր նրա բերանից։ Թաղական ոստիկանն անգամ, երբ հարևանները գնում էին գիժ-Հոռոմսիմից գանգատվելու, ձեռքը թափ էր տալիս և հեռանում։

Թաղում դեռ կային ուրիշ մի քանի հայտնի կռվարար կանայք ևս, բայց գիժ-Հոռոմսիմը վաղուց արդեն տվել անցել էր ամենքից թե՛ իր ճարտար լեզվով, թե՛ անեծք-հայհոյանքով և թե՛ նույնիսկ ֆիզիկական ուժով, որին շատ անգամ դիմում էր բերանացի կռվից հետո։

Ցածրահասակ, լղար, ծայր աստիճան արագաշարժ՝ տեղն ու տեղը կրակ էր գիժ-Հոռոմսիմը։ Պստիկ, պլպլան աչքերը ջղային անհանգստությամբ այս ու այն կողմն էին դառնում շարունակ ծտի գլխի պես,— կարծես շարունակ կռվի առիթ էր որոնում։ Կռվելիս նախ երկար ժամանակ լեզվակոխ ու անեծքակոխ էր անում համարձակ հակառակորդին սկզբում հանգիստ, հետո արագորեն տաքանալով, վերջը հանկարծ կատվի պես վրա էր ընկնում նրան և եթե աջողում էր բռնել նրա մազերից, ձիգ էր տալիս բոլոր ուժով, իսկ եթե ոչ, սկսում էր կմշտել և ոլորել նրա մարմինը իր երկայն, չոր մատների սուր եղունգներով, որոնց գծած ստորակետներն արնակալում, ուռչում-կապտում էին և երկար ժամանակ չէին ջնջվում։

Գիժ-Հոռոմսիմը Անանի սկեսուրն էր։