Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուզում է, թե ոչ. իր սկզբունքի առաջ («իրական կյանքը և մարդու ներքինը») մնում է անօգնական. կյանքն իր պատճառաբանված օբյեկտիվ ընթացքն անի, իրեն մնում է հետևել, ընդգրկել այն և հետազոտել մարդու ներքինը: Ստեղծագործական հիմնական սկզբունքը՝ իրականության պատկերման հայտնի ձևակերպումը, չպետք է հասկանալ բառացիորեն, քանի որ կյանքի ճշմարտությունը գեղարվեստական փաստ է դառնում երևակայության միջոցով: Դրա համար էլ ճշտորեն գրականություն փոխադրած իրողությանը երևակայության արգասիք է թվում: Իրողությունը ճշտորեն երկ ներմուծել, այնուամենայնիվ, հնարավոր չէ, որովհետև, գրողը վերցնում է այն, ինչ անհրաժեշտ է համարում, մի կողմ թողնելով բոլոր, իր տեսակետից անէական, մանրամասները: Ստեղծագործական երևակայաթյունն իրականության պատկերներն անց է կացնում էսթետիկական մշակման բովով, տարրալուծելով ու կապակցելով, կրճատելով ու հավելելով: Ողջ վերցվածը մի հարմոնիկ ամբողջության մեջ վերակառուցվում է այնպես, ինչպես անհրաժեշտ է գտնում, ինչպես զգում, պատկերացնում է տվյալ ստեղծագործական անհատականությունը: Այս ընդհանուր օրինաչափությունից դուրս չէ «Կյանքը ինչպես որ է» առավելապես նատուրալիզմի ներկայացուցիչներին հատուկ սկզբունքը. այն ոչ թե իրականության փաստանյութը անփոփոխ երկ ներմուծելու հնարավորություն է ենթադրում, այլ պարզապես շեշտում է առավելագույն հավատարմությունն իրականությանը: Ձգտելով առօրյա, կոնկրետ, ռեալ վիճակների պատկերման ինչպես կա, հակվելով դեպի առանձին դեմքերին ու դեպքերին մասնահատուկ կապակցությունները, Նար-Դոսը կամա թե ակամա ինչ-որ չափով հեռանում է գոյի հասարակական իմանենտ հակասություններից: Միաժամանակ սակայն, խորանում է անհատի հոգեբանության, նրա գործելակերպի ներքին շարժառիթների մեջ: Ռեալականության անսահմանությունից նա առանձնացնում է այնպիսի հատվածներ, որոնցում ավելի ցայտուն, բարդ ու հարուստ են հոգեբանական երևույթները, ավելի հզոր է ներալեբախությունը: Նա ոչ միայն չի խուսափում, այլև ընդառաջ է գնում լարված, պայթուցիկ հոգեվիճակներին, կերպարներին հանդես բերելով ոչ միայն հանապազահոս գոյության մեջ, այլ սուր բախման, նրանց համար առավել ծանր պահերին։ Իսկ բախումը պատճառաբանվում է մեծ մասամբ, և ըստ էության, տվյալ իրավիճակով, տվյալ կերպարների առկայությամբ՝ տվյալ տարածության ու ժամանակի մեջ: Որոշիչը նրանց սեփական հոգեֆիզիոլոգիական հակումներն են հաճախ, կամ նրանց ըմբռնումները, սկզբունքները, կյանքի պատահականությունները, որոնք պատճառ են դառնում այս կամ այն հետևանքի և ոչ թե նրանցից դուրս գտնվող հասարակական լայն, հաճախ անկասելի տիպական հանգամանքները, օբյեկտիվ օրինաչափությանը: Այստեղից չի կարելի եզրակացնել, թե նրանք իրականությունից և օրինաչափությունից անջատված ապրում են փակ, ինքնակա շրջանակում: Նրանք գտնվում են որոշակի հասարակական միջավայրում, որոշակի ժամանակի մեջ, միայն այդ ժամանակն ու միջավայրը չէ, որ վճռականորեն ձևավորում են կերպարներին, առհասարակ մարդկային նկարագրի կենսագրական ծավալուն ձևավորում չկա