Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փուճ ես անում, քոռանաս ու փճանաս դու... ա՛յ քեզ, ա՛յ, ա՛յ...

Ու սուր եղունգները դանակի պես ակոսում էին Անանի վտիտ մարմինը։

— Վըի՜, վըի՜...— մղկտում էր Անանը ցավերից գալարվելով, և նրա ձեռքերը մեքենայաբար ավելի ու ավելի էին սեղմում երեխային, և նա ավելի ու ավելի էր խոնարհվում երեխայի վրա։ Իսկ երեխան սաստիկ ճչում էր նրա գրկին։

Գիժ-Հոռոմսիմի կատաղությունը գնալով սաստկանում էր։ Երկու ձեռքերի սուր եղունգները կարծես անզոր էին նրա բոլոր բարկությունը թափելու։ Նրան կատաղեցնում էր առանձնապես այն հանգամանքը, որ Անանը համարյա թե ձայն չէր հանում, կարծում էր, թե ուրեմն հարսը բոլորովին ցավ չի զգում, մինչդեռ սիրտը հովացնելու համար ուզում էր, որ Անանը ճչար, աղաղակեր, լաց լիներ, օգնություն կանչեր, ուստի աշխատում էր խփել կամ կմշտել նրա մարմնի այնպիսի մի նրբազգաց տեղ, որ հարսը ստիպված լիներ վերջապես բարձրաձայն արտահայտել իր ցավը։ Բայց չէ, Անանը համառորեն ձայնը փորն էր գցել և, նրա առջև խոնարհված, զսպած հառաչանքներ էր միայն արձակում, որ գիժ-Հոռոմսիմը հազիվ թե լսում էր իր կատաղի ծկլթոցների և երեխայի լացի մեջ։

Տեսնելով, որ խփելով և կմշտելով ոչինչ չի լինում, գիժ-Հոռոմսիմը պոկեց հարսի գլխից սպիտակ աղլուխը, բռնեց նրա ցանցառ մազերի երկու հյուսերից մեկի ծայրից և ձեռքի ուժգին թափով ձիգ տվեց հանկարծ։

— Աա՜աա...— երկար ու սուր ճչաց Անանը և, սաստիկ ցավից աչքերը փակելով, ետ ընկավ մեջքի վրա։ Նրա թուլացած ձեռքերը բաց թողին երեխային։ Երեխան նրա գոգից գլորվեց ընկավ գետին և սկսեց ավելի ճչալ։

Հարսի սուր ճիչը, վերջապես, փոքր-ինչ հովացրեց գիժ-Հոռոմսիմի սիրտը. նա թողեց հարսի մազերը, վերցրեց երեխային և, շարունակելով անեծքներ թափել, հոգնած նստեց թախտի վրա ու սկսեց ձեռքերի մեջ օրորել երեխային, որ սուս կացնի։ Նրա պստիկ, չար աչքերը դեռևս պլպլում էին խելագարի կատաղությամբ, քրտինքը վրա էր տվել նեղ ճակատին.