Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վեր թռավ տեղից և վազեց կպավ պատին մեռելի պես գունատված։

— Ես քու...— գոռգոռաց մի սարսափելի հայհոյանք և Յագորը սպառնագին մի քանի քայլ արավ դեպի նա։

Պառավ Հեղնարը վեր թռավ տեղից և ուզեց կտրել նրա ճանապարհը, բայց նա ձեռքի մի թեթև շարժումով նետեց նրան նորից դեպի թախտը և իր հսկա հասակով գնաց կանգնեց վախից տերևի պես թպրտացող կնոջ առջև։

— Վո՛ւյ, չխփես, Յագոր ջան... հոգուդ մեռնեմ, չխփես. ջանս ցավում ա,— աղաչեց Անանը գլուխը երկարացրած և երկու ձեռքով պինդ գրկած իր ոսկրացած ուսերը։

— Չխփե՜մ, չխփե՜մ,— որոտաց Յագորը կատաղի աչքերը փայլեցնելով նրա վրա։— Բա ի՞նչ անեմ։ Աչքերդ պաչե՞մ, որ էն պառավը քնած՝ թաքուն վեր ես կացել, էկել, տունն անտեր թողել։ Փախել ես, հա՞, տանից։ Ջառըջհանդամը, թե փախել ես.— շատ էլ դարդ չեմ անի քեզ հմար, էս էրեխի՞ն ուր ես բերել։ Հը՞։ Խո չե՞ս ուզում էս սհաթին ճիվը ճվիցդ հանեմ, ճիճվի պես ճխլեմ ոտիս տակը։ Հը՞։ Ինձ չես ճնանչո՞ւմ։ Ըըը՜, ես քու...

Եվ մի ահագին բռունցք, կարծես երկաթից ձուլված, ծանր ու դանդաղ, հորիզոնական ձևով գնաց ու եկավ դիպավ կնոջ կողքին։ Անանը մինչև անգամ չճչաց, այլ միայն հանկարծ բերանը բաց արեց, ներս ծծեց օդը մի տարօրինակ հևքով, այնպես, ինչպես ջրից հանած ձուկը, հետո օրորվեց և կամաց, փալասի պես, վար ընկավ գետին։

— Ա՛, քու սիրտը չմեռնի, էդ ի՞նչ արիր,— ճչաց Հեղնարը սարսափած և վազեց օգնության։

Յագորը մի րոպե թավամազ հոնքերի տակից նայեց իր ոտքերի առջև թավալված կնոջ չռած աչքերին, հետո, շարունակելով հայհոյանքները, մոտեցավ երեխային, որը շարունակում էր կրծել ձմերուկի կլեպը, վերցրեց և առանց շտապելու դուրս գնաց։

Պառավ նանը խոնարհվեց Անանի վրա և սարսափից քարացավ։

Անանն ընկած էր գետնին՝ որկորը տարօրինակ կերպով վեր ցցած, չռած աչքերը նայում էին առաստաղին ապակու