Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բութ փայլով. բաց բերանից արյուն էր հոսում. հևքը կարծես քարացել էր այնտեղ։

-----

Կնոջն սպանելու համար մեղադրվող դրոգապան Յագորը նախնական քննության ժամանակ դատական քննչի հարցուփորձին պատասխանելով՝ ասաց.

— Մի մուշտի տվի, է՛լի, ուրիշ բան խո չե՞մ արել։

1890

ՍԵՎ ՓՈՂԵՐԻ ՏՈԿՈՍԸ

Նոր էր մթնել, որ պառավ Մարանը պատրաստվեց քնելու, թեև գիտեր, որ մինչև կեսգիշեր շուռումուռ պիտի գար անկողնում լվաներից և պառավական անքնությունից։ Դեռ բավական լույս էր, որ գցել էր տեղաշորը։ Միշտ այդպես էր անում, որ գիշերվա մթան մեջ նեղություն չտա իրեն։ Նավթ չուներ, որ վառեր։

Պառկելուց առաջ մոտեցավ խրճիթի պուճախին, ձեռքով շոշափեց և տեսավ, որ հավերը նստած են թառին, թեև շատ լավ գիտեր, որ նրանք ամբողջ օրը հարևան հավերի և աքլորների հետ ամբողջ թաղը տակնուվրա անելուց հետո երեկոյան, սովորական ժամին, եկել թառել էին իրենց տեղը։ Երբեք չէր կարող հանգիստ տեղաշոր մտնել, մինչև որ չստուգեր հավերի ներկայությունը, որովհետև նրա ապրուստի համարյա միակ աղբյուրն ու հույսը այդ երկու հատիկ հավն էր, որոնց սիրում և խնամում էր իր աչքի լույսի պես։ Հավերը ձու էին ածում, պառավ Մարանն այդ ձվերը տանում էր թաղի մանրավաճառի մոտ և փոխում հացի կամ կուտի հետ։ Այդպիսով հավերը համ իրենց էին պահում, համ պառավ Մարանին։

Հավերը նրա ձեռքի շոշափումից շարժվեցին և կռկռոց արձակեցին։ Այնուհետև պառավը կատարեց իր սովորական աղոթքը. երեսն անկանոն կերպով խաչակնքելով՝ երեք անգամ