Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծունր դրեց խրճիթի խորդուբորդ հատակի վրա, ինչ-որ մռմռալով քթի տակ, հետո հանվեց և պառկեց։ Խոնավ անկողինը մի անախորժ սարսուռ ազդեց նրա ցամաքած մարմնին. նա կուչ եկավ և վերմակը քաշեց գլխին։ Ու մտածմունքները՝ տխուր ու անմխիթարական, նորից պաշարեցին նրան։

Մենակ, մեն-մենակ էր ապրում պառավ Մարանն այդ կիսախարխուլ խրճիթում, որ մարդուց մնացած միակ հարստությունն էր։ Վաղուց, շատ վաղուց էր մեռել մարդը, որ մի հարբեցող խարազ էր։ Մեռել էր շատ հիմար կերպով. մի անգամ գիշերով լավ կոնծած, բայաթի երգելով տուն գալիս ընկել էր փողոցում գլխի ծածկը փլած արտաքնոցի հորը և մինչև հանելը խեղդամահ եղել գազերից։ Չնայելով, որ կինը շատ քիչ լավ օր էր տեսել նրա ձեռքին, բայց և այնպես երկար ժամանակ սուգ էր անում նրա համար և այժմ էլ առանց խոր հոգոց հանելու չէր կարողանում հիշել նրան. ախր ինչ էլ որ լիներ, էլի այն ժամանակ մի կենդանի շունչ կար մոտը, թեև ծեծ ու հայհոյանքով— բայց պահող-պահպանող ուներ։

Ճիշտ է, այժմ ուներ մի որդի, բայց նա էլ փուճ-փճանալու մեկն էր, գող ու ջիբգիր, որ օրերով ու շաբաթներով տան երես չէր տեսնում, մորը չէր նայում, այնպես որ եղած- չեղած՝ մեկ էր։

Որդու փճությունը թունավորել էր պառավ Մարանի առանց այն էլ թշվառ կյանքը։ Քանի-քանի անգամ արցունքն աչքերին փորձ էր արել խրատելու Արտեմին, որ հեռանա վատ ճանապարհից, մի գործի կպչի, պսակվի, օրինավոր տունուտեղ դնի, օրինակ էր բերում հարևան Օսանի տղա՝ թաբախ ման ածող Ցականին, որ նրա հասակակիցն էր և կարգին ընտանիք էր պահում, բայց հենց առաջին խոսքի վրա Արտեմն այնպես չռել էր նրա վրա իր ահարկու աչքերը, այնպես բղավել նրա վրա, որ խեղճ պառավն իսկույն ձայնը փորն էր գցել։

«Ա՜խ, որդի, որդի...— հառաչեց պառավ Մարանը և շուռ եկավ մյուս կողքի վրա։— Էս հավերն էլ որ չունենամ, յարաբ ի՞նչ կըլի իմ չարեն»։

Օրամեջ կամ երկու օրը մի անգամ վերցնում էր հավերի