Ազարյան հայրական ազգանունս է, իսկ Հարունյան— ամուսնուս...
— Ա՜, ուրեմն ես չեմ սխալվել...
— Բայց, ներեցե՛ք հետաքրքրությանս,— ընդհատեց նրան տիկին Հարունյանը, ավելի խոր նայելով նրան,— դուք ո՞րտեղից եք ինձ ճանա...
Նա չվերջացրեց յուր խոսքն և զարմացած ու ապշած նայելով նրա ժպտող աչքերի մեջ, վեր կացավ տեղից. կարձես նրա մութ հիշողությունը հանկարծ պարզվեց։
— Սո... մի՞թե դուք Սոֆիա... իշխանուհի Մելիքյանը չեք,— հարցրեց նա մի տեսակ անվճռական եղանակով։
— Այո՛, Նունե՛, իշխանուհի Սոֆիա Մելիքյանը,— քո նախկին սիրելի ընկերուհին։
— Մի՞թե,— բացականչեց գրեթե ինքնամոռացության մեջ տիկին Հարունյանն այնպես, որ նրա ձայնը ողջ թատրոնում լսելի եղավ, չնայելով, որ օրկեստրն արդեն սկսել էր ուվերտյուրը։ Նա իսկույն առավ նրա երկու ձեռքերն ու ամուր֊ամուր սեղմեց նրանց։— Սո՛ֆիա... իրավ որ այդ դուք եք... այդ դու ես... Աչքերդ ախար ինձ սաստիկ ծանոթ էին թվում... Ների՛ր, որ ես քեզ իսկույն չկարողացա ճանաչել, Սո՛ֆիա. դու այնքա՛ն փոխվել ես, դու բոլորովին փոխվել ես, Սո՛ֆիա... միայն աչքերդ են մնացել նույնը...
Եվ նա սաստիկ կարկտալից անդադար, ամուր սեղմում էր նրա ձեռքերն ու ամենաքաղցրիկ կերպով ժպտում էր նրա դեմքին։
Իսկ պարոն Հարունյանը հանդարտ նստած, և, ըստ երևույթին զարմացած, որ շատ քիչ էր նկատվում նրա ծանրախոհ ու լուրջ դեմքի վրա, նայում էր նրանց։
Իշխանուհի Սոֆիա Մելիքյանը Թիֆլիսի հարուստ կալվածատերերից մեկի միակ զավակն էր։ Նրա հայրը հայտնի էր քաղաքի մեծամասնությանը յուր բազմաթիվ կալվածքներով՝ ինչպես քաղաքում, նույնպես և նրա շրջակայքում։