Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդպես խոսեր նրա հետ. չէ՞ որ այդ խոսքերից ամեն մեկը նրան այնքա՛ն ախորժելի, այնքա՛ն քաղցր էր թվում, չէ որ այդ, ըստ երևույթին, ամենահասարակ խոսքերը լսելով նրա բերանից՝ նրա սիրտն իսկույն թրթռում էր մի այնպիսի երջանկությամբ, որի նմանը տակավին չէր պատճառել նրան նրա տարփավոր բազմաթիվ երկրպագուներից և ո՛չ մեկի թունդ սիրապատիր խոսքերի ամբողջ բառարանը։

— Ա՛խ, ի՜նչ բավ է,— կանչեց նա՝ չկարողանալով զսպել յուր չափազանց ուրախությունը։— Մա՛րիա,— դարձավ նա աղախնուն, որ փոքր-ինչ հեռու կանգնած՝ նայում էր նրանց, առանց հասկանալու նրանց լեզուն,— շտապիր դաստակերտն և ամեն բան աատրասիր, մենք իսկույն գալիս ենք։

Մարիան հեռացավ իսկույն։

— Առայժմս, սիրելի բարեկամներս, գնանք,— ասաց իշխանուհին՝ առնելով տիկին Հարունյանի թևը։— Հուսով եմ, որ դուք իմ դաստակերտը շատ կհավանեք, և այսօր այնտեղ լավ երեկո կանցկացնենք։ Սիրելի բարեկամներով, առավելապես այսպիսի տեղերում, ժամանակը շատ ուրախ և աննկատելի կերպով է անցնում․․․ Բայց ո՞ւր է ձեր եղբայրը, պարոն Հարունյան։

— Նա որսի է գնացել, իշխանուհի։

— Արմենակը բոլորովին սիրահարվել է որսորդության վրա,— ասաց յուր կողմից տիկին Հարունյանը։— Ողջ օրը թափառում է անտառներում և միայն ուշ երեկոյան է տուն գալիս։

Եվ այդպես խոսակցությունը շարունակելով, նրանք դիմեցին դեպի իշխանուհու դաստակերտը։ Կես ժամից հետո եկավ և Պետրովը։ Նույն օրվա սաստիկ ուրախ տրամադրության ներքո՝ նա նախ մի քանի անգամ համբուրեց իշխանուհու ձեռքն, ապա բարևեց Հարունյաններին։ Պետրովի՝ յուր ձեռքը համբուրելիս՝ իշխանուհին աչքի տակով նայեց պարոն Հարունյանին և նրա դեմքի վրա կարդաց այն բոլորն, ինչ որ նա զգում էր դեպի այդ աստիճանավորը։ Նույն երեկոյան նա մի քանի անգամ կոկետություն արավ Պետրովի առաջ։ Պարոն Հարունյանին, ըստ երևույթին, այդ չէր դուր գալիս. իշխանուհու այդ տեսնում էր և դարձյալ շարունակում