Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր: Իսկ Պետրովը, որ բոլորովին չէր սպասում, թե իշխանուհին այդ օրը մինչև այդ աստիճան լավ աչքով կնայե յուր վրա, գրեթե խելագարվել էր այդ անակնկալությունից, մի րոպե անգամ չկասկածելով՝ թե ի՛նչ հիմար դեր է կատարում ինքն այդտեղ։ Նա շուտ ֊շուտ առնում էր իշխանուհու ձեռքն և համբուրում էր, որով ավելի ևս կատաղեցնում էր պարոն Հարունյանին, որ բոլորովին զարմացած մնացել էր, թե ի՛նչ է նշանակում իշխանուհու այդ հանկարծակի անակնկալ փոփոխությունը դեպի Պետրովը, որին առաջ այնպես արհամարհությամբ էր նայում։ Բայց նրա ի՞նչ գործն է, թե իշխանուհին առաջ ի՛նչպես էր նայում նրա վրա, իսկ այժմ՝ ի՛նչպես..․ էլ ինչո՞ւ նրա կատաղությունը գալիս է, որ իշխանուհին նրա հետ փոքր֊ինչ սիրով է վարվում։— Ահա բանը դրանումն էր, որ պարոն Հարունյանն իրեն հաշիվ տալ չէր կարողանում, թե ինչո՞ւ իսկապես։ Ճշմարիտ է, նա այդ վերագրում էր յուր դեպի իշխանուհին տածած սիրույն, բայց խո նա մի րոպե անգամ մտքով չէր անցրել, թե իշխանուհին կարող է պատկանել իրեն, չէ՞ որ այդ սերը նա ապօրինի էր համարում և ամեն կերպ աշխատում էր դուրս կորզել յուր սրտից... Տիկին Հարունյանը նույնպես զարմացել էր յուր ընկերուհու դեպի Պետրովն ունեցած վարմունքի վրա։ Նա այդ վերագրում էր այն բանին— թեպետև բոլորովին կասկածանքով— որ գուցե իշխանուհին այժմ սկսել է սիրել այդ լիրբ աստիճանավորին։ Նա այնքան սիրում էր յուր վաղեմի ընկերուհուն և ատում Պետրովին, որ նրան բոլորովին դուր չէր գալիս, երբ առաջինն այնպես ժպտում էր վերջինիս դեմքին և նրա առաջ այնպես կոկետություններ անում։ Եվ թեպետ նա շատ էր ցանկանում դրա պատճառն իմանալ, բայց չէր համարձակվում այդ միանգամից հարցնելու իշխանուհուց։ Իշխանուհին այդ երեկո շատ ուրախ տրամադրության մեջ էր. նա ամեն կերպ աշխատում էր զբաղեցնել յուր հյուրերին։ Հին դաշնամուրի վրա, որ երկար տարիներից հետո առաջին անգամն էր բացվում, նա երգեց յուր սիրած ամենանշանավոր կոմպոզիտորների մի քանի դժվար ածելի պիեսներ։ Տուր գեղեցիկ ձայնով և երաժշտության ու երգի մեջ ունեցած հմտությամբ, նա համարձակ կարող էր մրցել լավ և փորձված