երգչուհու հետ։ Նրա ձայնը շատ դուր եկավ մանավանդ պարոն Հարունյանին, որ բոլոր ժամանակ նայում էր նրա փոքրիկ, լիաշուրթ բերանին և սպիտակ պարանոցին... Ո՛րքան սքանչելի էր երևում նրան այդ կինը երգելու ժամանակ... Նա չէր կարողանում յուր աչքը հեռացնել նրանից։ Տիկին Հարունյանին նույնպես շատ դուր եկավ նրա ձայնը։ Նա գտավ, որ յուր վաղեմի ընկերուհու ձայնը գրեթե միևնույնն է, ինչ որ էր տասը տարի առաջ, երբ նա նույնքան հիանալի երգում էր։ Իսկ Պետրովը վերին աստիճանի հիացմունքից խելքը կորցրել էր. նա մինչև անգամ երդվեց, որ իշխանուհու ձայնը իրենց ռուսների, ողջ աշխարհիս մեջ եզակի կարելի է համարել, որ Պատտի և Նիլսոնի ձայնը դրա ձայնի մոտ ոչինչ է։ Մի խոսքով երեկոն շատ լավ անցկացավ իշխանուհու դաստակերտում։ Այնուհետև Պետրովն և Հարունյանները տուն գնացին։ Հեռանալուն պես պարոն Հարունյանն զգաց, որ այդ երեկոն իրեն արժան չէր նստել... Ողջ գիշերը նրա աչքերի առաջից չէր հեռանում իշխանուհու պատկերը. նրա ականջներում տակավին հնչում էր նրա դյութիչ ձայնը... Հետևյալ օրը նրանք դարձյալ հրավիրված էին իշխանուհու դաստակերտում։ Պարոն Հարունյանը, որքան էլ այդ չցանկանար, բայց ստիպված էր գնալու։ Այս անգամ նրանց հետ էր և Արմենակը, որ տիկին Հարունյանի խնդրանոք միայն այդ օրը չէր գնացել որսի։ Պետրովն արդեն իշխանուհու մոտ էր, երբ նրանք գնացին նրա դաստակերտը։ Այս անգամ արդեն Պետրովը բոլորովին զզվելի և ատելի թվաց թե՛ տիկին և թե՛ պարոն Հարունյանին։ Իշխանուհին Պետրովի հետ վարվում էր նույնպես, ինչպես և նախորդ օրն, և, իհարկե, ընդ նմին աչքի տակով թաքուն դիտում էր պարոն Հարունյանին։ Պարոն Հարունյանն այդ ժամանակ ակամայից եռում էր յուր մեջ։ Իշխանուհին տեսնում էր, և այդ նրան մեծ բավականություն էր պատճառում։
— Գտել եմ քեզ կակղեցնելու եղանակն,— ասում էր նա յուր մտքում և շարունակում էր յուր կոկետությունը Պետրովի առաջ, Պարոն Հարունյանը դարձյալ չէր կարողանում հասկանալ դրա պատճառը։ Բայց երբ մի անգամ էլ իշխանուհին ինչ-որ սիրալիր խոսք ասեց Պետրովին, որի համար