ես այս սոսկալի տանջանքներին, որոնք օրեցօր կրկնապատկվում են․ և կարո՞ղ եմ արդյոք տանել դրանց, երբ այժմեն իսկ զգում եմ, որ պետք է ուժասպառ ընկճվիմ... Օ՜, խի՜ղճ, խի՜ղճ, այդպես անողորմ մի՛ տանջիր ինձ, եթե մարդկային կամքն ապառաժ անգամ լինի, չէ կարող չխորտակվել այն զգացմունքից, որ այս րոպեիս գործում է իմ մեջ— իսկ չէ՞ որ ես մարդ եմ.․․ մարդ եմ մարդկային բոլոր կրքերով, բոլոր ցանկություններով, որոնց տվել է ինձ ինքը՝ բնությունը, որոնց կառավարում է ինքը՝ բնությունը, և եթե կամքս թույլ գտնվի տանելու դրանց բռնությունը, և ես, վերջապես, ընկճված՝ անձնատուր լինեմ դրանց, մի՞թե մեղավորն ես կլինեմ... մի՞թե քեզ հետ և մարդիկ այնքան անգութ կգտնվեն, որ կդատապարտեն, կհալածեն ինձ... բայց ես ի՞նչ մեղ ունեմ․ դատապարտեցե՛ք, հալածեցե՛ք բնությանը, իսկ ես մարդ եմ հողեղեն, որ կախված եմ նրանից..․ Ինչո՞ւ բնությունը, ստեղծելով ինձ, ապօրինի, հանցագործ սիրո հետ տվել է ինձ և պարտաճանաչության զգացմունք... եթե այդ տվել է, ուրեմն դրա հետ պետք է տար և անխորտակելի կամք, որով կարող լինեի հաղթությամբ դիմադրել ապօրինի սիրո դյութություններին, որպեսզի ի վերջո սոսկալի թշվառության մեջ չընկնեի և ինձ հետ թշվառացնեի ուրիշին․․․»։
Նա հանկարծ սթափվեց, նստեց ուղիղ և անմիտ հայացքով նայեց շուրջը։ Մտածության ժամանակ նա այն աստիճան ինքնամոռացության մեջ էր ընկել, որ սթափվելուց հետո կարծում էր, թե մտածությունը նա արտասանել է բարձրաձայն, որ և ամբողջ աշխարհին լսելի էր եղել, մանավանդ, որ թե՛ դուրսն և թե՛ սենյակում կատարյալ լռություն էր տիրում։ Մի քանի անգամ անմտորեն շուրջը նայելուց հետո նա այս անգամ արմունկները հենեց գրասեղանին և բորբոքված գլուխը բռնեց ձեռքերի մեջ։ «Բայց ի՞նչ եմ կամենում ես»,— խոսեց նա գրեթե լսելի ձայնով։
— Հավիտյան երջանկությո՜ւն,— աղաղակեց սերը։
— Անվերջ թշվառությո՜ւն,— աղաղակեց ուղեղը։
— Պարտազանցությո՜ւն,— աղաղակեց խիղճը։
— Երջանկությո՜ւն, երջանկությո՜ւն,— նորից աղաղակեց