Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա փոքրիկ հողաթափների ձայնը բոլորովին անլսելի էր կացուցանում։

Մի քանի անգամ այդպես անցուդարձ անելուց հետո նա կանգնեց հարևան սենյակի դռան առաջ․ նրա ոտները, կարծես ակամայից, գամվեցին հատակի վրա։ Հարևան սենյակի դուռը փոքր֊ինչ բաց էր, և այդ բացվածքից մյուս սենյակում նա տեսավ հետևյալը։

Հանդեպի պատի մոտ դրված փոքրիկ մահճակալի վրա պառկած էր յուր զավակը— փոքրիկ Հայկանուշը։ Նա քնած էր, որպես քնում են անմեղ և անհոգ մանուկները։ Նրա առաջ, հատակի վրա, տնային սպիտակ հանդերձով և ցիրուցան մազերով՝ չոքած էր յուր կինը— Նունեն։ Նա ձեռքերը կցած ուներ կրծքի վրա, իսկ սևորակ աչքերը ամենախորին ջերմ եռանդությամբ համբարձել էր դեպի երկինք։ Նրա շրթունքները շարժվում էին։ Նա աղոթում էր։ Որքա՜ն գեղեցիկ, որքա՜ն սքանչելի էր նա յուր այդ դրությամբ։ Ինչ-որ աներկրային, վեհ, սրբազան բան կար այդ երևույթի մեջ... Նա կարծես մի հրեշտակ լիներ, որ սրբազան լուսո ճաճանչներով շրջապատված՝ իջել էր երկնքից և անարատ սուրբի անարատ բերանով վեր էր առաքում բարձրելույն յուր սրբազան, ջերմաջերմ աղոթքը մեղավորների, հանցագործների հոգու փրկության համար․․․

Պարոն Հարունյանի բոլոր անդամներով ինչ-որ սարսուռ անցավ, որ ցնցեց նրա ողջ գոյությունը։ Նույն րոպեին նրա սրտի մեջ, կարծես, դժոխք բորբոքվեցավ։ Նա երկար չկարողացավ նայել հարևան սենյակի ներսը և, իսկույն քաշվելով մի կողմը, կարծես ուժասպառ, հենվեց պատին։ Նրան թվում էր, թե յուր անարժան հայացքով կարող է սրբապղծել հարևան սենյակի սրբազան տեսարանը.․.

Անցավ երկու րոպե, սենյակի դուռն անլսելի կերպով բացվեցավ, և հուշիկ քայլերով ներս մտավ տիկին Հարունյանը։ Նրան տեսնելուն պես՝ ամուսինը դողաց, որպես չարանենգ դևը հրեշտակի սրբազան ահավորության առաջ։ Տիկինն երևի կարծում էր, որ ամուսինը պարապում է, որովհետև մտնելուն պես գնաց դեպի գրասեղանը․ բայց տեսնելով, որ նրա առաջ ոչ ոք չկա, հանկարծ կանգնեց զարմացած և արագությամբ նայեց յուր շուրջը։ Նա տեսավ