Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ամուսնուն, որ՝ առաջվա նման պատին հենված՝ սարսափով նայում էր նրա վրա, որպես հոգեառ հրեշտակի վրա։ Տիկինը շտապով մոտեցավ նրան։

— Ստեփաննո՛ս, ինչո՞ւ դու այդտեղ կանգնել ես,— զարմացած, կարեկցությամբ և երկյուղով հարցրեց նա։

Ամուսնու ոտները ծալվեցին, նա ընկավ ծնկների վրա կնոջ առաջ։

— Դո՛ւ, միայն դո՛ւ․․․— կարողացավ արտասանել նաև, ամուր գրկելով նրա ոտները, դեմքը ծածկեց նրա սպիտակ հանդերձի ծալքերի մեջ։

Կինն, առանց մի խոսք արտասանելու, կամաց կռացավ և նրա գլուխն առավ յուր ձեռքերի մեջ։

ԺԵ
ՃԳՆԱԺԱՄ

Հետևյալ օրը Հարունյանի դեմքի վրա կարելի էր նկատել ինչ-որ անսովոր հաստատ վճռականություն։ Դեռ ո՛չ մի ժամանակ նրա շարժումներն այնպես զգաստ չէին եղել, ինչպես այդ օրը, դեռ ո՛չ մի ժամանակ նրա հայացքն այնպես սառը չէր եղել, ինչպես այդ օրը, վերջապես՝ դեռ ոչ մի ժամանակ նրա ձայնն այնպես հանդարտ և միակերպ չէր հնչել, ինչպես այդ օրը։— Այդպես լինում են միայն մահվան դատապարտվածները, որոնք արդեն հաշտված են լինում իրենց դրության հետ և սպասում են նշանակյալ ժամանակին, երբ իրենք աշխարհիս մեջ այլևս գոյություն չպետք է ունենան։ Գիշերը նա ամենևին չէր քնել, մինչև լույս մտածել էր, թե ի՞նչպես անե, որ յուր անտանելի դրությունից դուրս գա, և վերջապես հասել էր հետևյալ հաստատ վճռականության։

Նույն օրն ինքը բոլորովին մենակ պետք է գնա իշխանուհու մոտ, պետք է ուղղակի հայտնե նրան յուր սերը, պետք է բացատրե այդ սիրո բոլոր սարսափելի հետևանքները թե՛ յուր և թե նրա վերաբերությամբ և, վերջապես, պետք է խնդրե, աղաչե նրան, որ նա կամ հեռանա իրենից ընդմիշտ, կամ խզի կնոջ և իրեն հետ ունեցած յուր հարաբերությունը։