այդքա՛ն գեղեցիկ, այդքա՛ն հրապուրիչ, այդքա՛ն թովիչ է․․․
— Ա՜խ, պարո՛ն Հարունյան,— նրան տեսնելուն պես ուրախությամբ կանչեց իշխանուհին,— վատ ժամանակ եկաք․ ձեր և Նունեի սյուրպրիզը տակավին պատրաստ չէ։
Որքա՜ն գեղեցիկ էր, ո՜րքան քաղցր էր և այդ ձայնը․․․
Հարունյանը կարողացավ իրեն հավաքել։
— Դուք մեզ համար սյուրպրի՞զ եք պատրաստում, իշխանուհի,— արագությամբ մոտենալով և ամուր սեղմելով նրա ձեռքը, հարցրեց նա։
— Այո՛․ տեսնում եք, ես վարդերից փնջեր եմ կապում, մեկը ձեզ համար, մյուսը՝ Նունեի (Պետրովին նա, երևի, մոռացել էր)․ բայց, դժբախտաբար, դուք շատ անհամբեր գտնվեցաք և վաղ եկաք, որովհետև տակավին ոչ մեկն էլ պատրաստ չէ․․․ և, բացի դրանից, դուք ինձ զրկեցիք այն բավականությունից, որ ես պիտի զգայի իմ սյուրպրիզը ձեզ շնորհելիս։
— Հայտնում եմ իմ կնոջս կողմից մեր խորին շնորհակալությունն, իշխանուհի, որ մենք այդքան ձեր ուշադրության արժանի ենք դարձել․․․
— Բայց ո՞ւր է ինքը— Նունեն, հանկարծ դռան կողմը նայելով հարցրեց իշխանուհին, որ կարծում էր, թե Հարունյանը մենակ չէր եկել։
— Նա ինձ հետ չէ, իշխանուհի․ ես մենակ եմ եկել։
— Մենա՜կ... — կանչեց իշխանուհին շուտ և անզգայաբար տեղից վեր թռչելով, որի միջոցին նրա գեղեցիկ դեմքն և՛ գունատվեց, և՛ վառվեց։ Հարուստ մազերը սիրուն ալիքներով թափվեցան առաջ և, ծածկելով նրա դեմքի մի մասը, ցրիվ եկան կուրծքի վրա։ Առաջին նվագ անսպասելի սաստիկ ուրախությունից նա կարծեց թե խելքը կորցնում է։ Հարունյանը մենա՜կ է եկել յուր մոտ․ չէ՞ որ տիվ և գիշեր, ամեն ժամ և ամեն րոպե նրա սրտի ջերմ փափագն էլ հենց այդ էր։ Սաստիկ հուզմունքից դեռ մի քանի վայրկյան նրա շունչը, կարծես, կտրվեց։ Նա ձեռքը կամաց սեղմեց կուրծքի վրա և, գլուխը փոքր-ինչ առաջ տանելով, ըստ երևույթին դժվարությամբ օդ շնչեց։ Այդ բոլորը կես րոպե հազիվ տևեց։ Նա շուտով ուշքի եկավ, սիրուն մազերը կամաց,