շնորհալի կերպով հավաքեց դեմքից, ուսերի վրայով ետ ձգեց և ամենաքաղցրիկ, ամենասիրելի կերպով ժպտաց։ Այդ ժպիտի մեջ կար ինչ-որ կախարդող, հափշտակիչ բան, միևնույն ժամանակ մի տեսակ ամոթխածություն, որ վայել է միայն անմեղ, սիրուն օրիորդներին։— Ներեցեք ինձ, որ ձեզ ներկայանում եմ այս դրությամբ,— ասաց նա գրեթե շշնջալով։— Դուք այնքան անսպասելի կերպով հայտնվեցաք, որ ես... Ներեցեք ինձ... ես իսկույն... հագնվեմ...
Եվ փոքր-ինչ խոնարհած, կարծես գլուխ տալով, աչքերի խոնարհեցրած և հանդերձը կողքերից փոքր֊ինչ բարձրացրած, նա սիգաքայլ, շատ թեթև կերպով ետ ու ետ գնաց դեպի հարևան սենյակի դուռը։
Հարունյանը, որ այդ միջոցին իրեն կատարելապես կորցրել էր, կարծեց, թե նրա դուրս գնալուն պես ինքը պետք է զրկվի կյանքից։
— Ո՛չ, ո՛չ․․․ մնացե՛ք․․․— կանչեց նա աղերսագին և, արագությամբ մոտենալով իշխանուհուն, առավ նրա ձեռքը, նախ ջերմ, սաստիկ ջերմ կերպով սեղմեց յուր ալեկոծվող կուրծքին, հետո մոտեցրեց շրթունքներին։— Ես ձեզ սիրում եմ...— այս անգամ շշնջաց նա, և նրա ոտները ծալվեցին, նա ընկավ ծնկների վրա. նրա ցնցվող շրթունքները սեղմված մնացին իշխանուհու սպիտակ, փափուկ, քնքուշ ձեռքի վրա։
Վերջապե՜ս, վերջապե՜ս... Մի ակնթարթում իշխանուհին սլացավ բարձր, բարձր— Ոլիմպոսի գագաթը։ Նա աստվածային վեհանձնությամբ կանգնած էր հասարակ մահկանացուներին անմատչելի այդ բարձրության վրա, և նրա հոգին, նրա ամբողջ գոյությունը, շրջապատող առօրյա աշխարհից դուրս՝ ցնծում, հրճվում էր կնային գեղեցկության հաղթանակի պսակով։ Սիրասփյուռ եթերքի հեզաշունչ ալիքները մեղմիկ, քնքշիկ գգվում, շոյում էին նրան...
Նա կամաց, շատ կամաց խոնարհվեց Հարունյանի վրա և հազիվհազ շշնշաց նրա ականջի մոտ․
— Ստեփաննո՛ս, դուք ինձ սիրո՜ւմ եք... ինձ սիրո՜ւմ եք... Հապա Նունե՞ն...
Վերջին խոսքերի հետ կարծես մի թունավոր օձ խայթեց Հարունյանին։ Նա արագությամբ բարձրացրեց գլուխը,