Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խելագարի հայացքով նայեց իշխանուհու դեմքին (իշխանուհին, կարծես սարսափած՝ մի քայլ ետ գնաց։ Յուր բերանից անզգայաբար դուրս թռած վերջին երկու բառերը նրան այժմ կյանքից զրկվելու չափ ահավոր թվացին) և, թողնելով նրա ձեռքն յուր ձեռքերի միջից, կամաց վեր կացավ չոքած տեղից։— «Հապա Նունե՞ն, հապա Նունե՞ն»— կարծես ամբողջ սենյակն, ամբողջ աշխարհը խլացնելու չափ աղաղակում էր նրա ականջներում։ ․Նա սաստիկ երկյուղով, մինչև անգամ դողալով նայեց շուրջը․ կարծես թե զգում էր յուր կնոջ ներկայությունը։ Մի երկու րոպեից նա կատարելապես հիասթափվեց։

— Ներեցեք ինձ, իշխանուհի,— վերջապես ասաց նա։— Ես... ես․․․ այո, ես ձեզ սիրում եմ․․․ սիրում եմ․․․ բայց․․․ բայց ես չեմ եկել խնդրելու ձեզանից․․․ փոխադարձություն․․․ այլ․․․ տե՜ր աստված, որքա՜ն ծանր է այս րոպեն․․․ իշխանուհի՜, մի՞թե դուք ինձ չեք հասկանում․․․ մի՞թե այսքան ժամանակ դուք ինձ չհասկացաք․․․ Ա՜խ, եթե իրավ գիտենայիք, թե որքա՛ն սարսափելի է դրությունս, թե որքա՛ն թշվառ եմ ես․․․ Ձեզ առաջին անգամ պատահելու րոպեից մինչև այս րոպես ես տանջվել եմ անդադար և այդ տանջանքս օրեցօր կրկնապատկվել է․․․ Ո՛չ ցերեկն եմ ունեցել ես հանգիստ, ո՛չ՝ գիշերը․․․ Ա՜խ, ինչքա՛ն ես երջանիկ կլինեի իմ սիրովս, ինչքա՛ն երջանիկ, եթե— ազատ լինեի, բայց... բայց դուք գիտեք, որ ես ունեմ կին, որի հետ ինքնահոժար կամքով կապված եմ ամուսնական սուրբ ուխտով․ դուք գիտեք, որ ես ունեմ զավակ․․․ կարո՞ղ էի արդյոք չմտածել դրանց մասին, կարո՞ղ էի արդյոք ուրանալ դրանց․․․ չէ՞ որ այդ երկու անմեղ արարածներն իրենց միակ ամենամեծ երջանկությունը միայն իմ մեջ են տեսնում, և ես իրավո՞ւնք ունեի արդյոք, այդ հասկանալով հանդերձ, դեն հրել նրանց ինձնից․․․ իրավո՞ւնք ունեի արդյոք խլել նրանցից այդ երջանկությունը, գլորել նրանց սոսկալի թշվառության մեջ, թունավորել նրանց ամբողջ կյանքը․․․ Հապա մարդկային վեհ գաղափարնե՞րը․․․ հապա բարոյականության սկզբո՞ւնքը... հապա մարդի՞կ․․․ հապա հասարակաց անաչառ կարծի՞քը․․․ հապա խի՞ղճը․․․ ա՜խ, գիտե՞ք, թե ի՛նչ է խիղճը․․․ Իշխանուհի՛, իշխանուհի՛, խղճացեք ինձ վրա... Ես եկել եմ