Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տիրեց։ Երևում էր, որ այդ լռությունն երկուսի համար էլ ծանր էր։ Հարունյանը՝ ձեռքերը ծնկների վրա դրած և աչքերը խոնարհեցրած՝ շարունակ նայում էր ներքև։ Իսկ իշխանուհին նույն տխուր հայացքով անթարթ նայում էր նրա դեմքին։

— Ի՞նչ եք կամենում ինձնից, որ ես կատարեմ, պարոն Հարունյան,— վերջապես առաջինը խոսեց իշխանուհին։— Ինչ որ էլ կամենալիս լինեք ինձնից, հավատացած եղեք, որ ես կկատարեմ․․․ որ ես կաշխատեմ կատարելու... Ասացեք։

Հարունյանը շարժվեց նստած տեղում. շրթունքները բաց ու խուփ եղան, բայց ոչ մի բառ դուրս չեկավ նրա բերանից։ Նա մնաց յուր առաջվա դրության մեջ։

— Ասացեք, պարոն Հարունյան,— կրկնեց իշխանուհին։

Հարունյանը դարձյալ շարժվեց, շրթունքները դարձյալ բաց ու խուփ եղան։

— Ծա՜նր է, իշխանուհի, շա՜տ ծանր է...— վերջապես կարողացավ նա արտասանել։— Ես այդ չեմ կարող ասել...

Իշխանուհու տխուր աչքերը չէին հեռանում նրա դեմքից։

— Ես ինքս կասեմ, պարոն Հարունյան,— կարճ լռությունից հետո խոսեց նա։— Դուք կամենում եք, որ ես... հեռանամ ձեզանից և ընդմիշտ... կտրեմ իմ ձեզ հետ ունեցած բոլոր հարաբերությունները... Այնպես չէ՞։

Նա լռեց և սպասում էր, որ Հարունյանը կասե «այո», բայց Հարունյանը մնաց լուռ։

— Այդպես չէ՞,— կրկնեց իշխանուհին։

— Ա՜խ, մի՛ տանջեք ինձ այսպես,— աղերսագին ձայնով կանչեց Հարունյանը։

Իշխանուհին խոր հոգոց հանեց, գեղեցիկ աչքերը ծանր վշտով գրեթե բոլորովին խփեց և գլուխը կախեց կուրծքի վրա։

Սենյակում երկար ժամանակ դարձյալ լռություն տիրեց։

— Դուք խելոք մարդ եք, պարոն Հարունյան, դուք ազնիվ մարդ եք, պարոն Հարունյան,— վերջապես խոսեց իշխանուհին ցած ձայնով և առանց փոխելու յուր դրությունը։— Ես այդ նոր եմ հասկանում և նոր եմ գնահատում ձեզ... Դուք շատ իրավացի եք. այսպիսի հանգամանքներում մենք չենք կարող միմյանց սիրել... մենք չպետք է