էր— ավելի գրավում էր նրա իշխանական տիտղոսը, քան նրա քնքուշ, բարի դեմքն ու միշտ ցնորասեր, թույլ բնավորությունը։ Փառասեր Սոֆիան վաղուց ցանկանում էր մի այդպիսի տիտղոս ունենալ. քիչ մտածությունների ու ցնորքների առարկա չէր դարձել փառքի մեջ նստած այդ երևակայած տիտղոսը։ Անթիվ անգամ նա անիծել էր յուր ծնողներին, բնությանը, թե ինչո՛ւ ինքն իշխանական տոհմից չէ ծնված, այլ մի հասարակ տոհմից, որ— ո՞վ գիտե — առաջ ո՞ր գյուղացին էր, ո՞ր հետին չքավորն, աղքատը․․․ բայց այժմ, վերջապես, այդ շատ մտատանջությունների պատճառ դառնող, բայց հոգով, սրտով պաշտած ցանկությունն էլ իրագործվեցավ։ Նա հասավ յուր նպատակին, այժմ ի՛նքը գիտեր... նա իշխանուհի էր։ Իշխանուհի՜․․․ օ՜, ի՛նչ հրաշալի հնչյուն... կարծես երկնային դյութական մի ամենաքաղցրիկ մեղեդի լինի, որ մի տեսակ հոգեզմայլության մեջ է ձգում նրա բոլոր գոյությունը։ Բայց արյո՞ւնը․․․ Ա՜խ, ոչի՛նչ, ո՞վ է այժմ արյան վրա ուշադրություն դարձնում. բավական է, որ յուր ամուսնու երակների մեջ վազում է ազնվական տոհմային արյուն, բավական է, որ նա իշխան է կոչվում, իսկ ինքն— իշխանուհի։
Ամուսնանալուց հետո անմիջապես իշխանուհի Սոֆիա Մելիքյանն ստիպեց յուր ամուսնուն գնալ Պետերբուրգ, որի մասին վաղուց ցնորում էր։ Հայր ու մայր նրա առջևը չոքած, արտասուքն աչքերին խնդրում էին նրան, որ նա գոնե մի ամիս իրենց մոտ մնա,— այդ նրանք իրենց ամենամեծ երջանկությունն էին համարում, բայց քմահաճ աղջիկը նրանց վրա ուշադրություն անգամ չկամեցավ դարձնել և բավական չոր կերպով պատասխանեց նրանց, որ նրանք իրեն հետ այլևս գործ չունին։ Ծնողները մնացին սառած, զարմացած․․. Բախտավոր, երջանիկ ամուսինը չէր կարող մերժել յուր պաշտելի կնոջ խնդիրը, նա տարավ նրան Պետերբուրգ, ուր սկսեց ման ածել նրան բարձր հասարակությունների մեջ։ Ամեն տեղ, ուր էլ որ հայտնվում էր իշխանուհի Մելիքյանը, ապշում էին նրա սքանչելի գեղեցկությամբ։ Բախտավոր ամուսինն այդ տեսնում էր և երեխային վայել միամտությամբ հպարտանում յուր մեջ յուր այդ անգին գանձով։ Նա ամբողջ աշխարհիս երեսին իրեն ամենաերջանիկն