Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե ի՛նչ է նշանակում այդ խոսքը... բաժանվե՜լ... Ստեփաննո՜ս, Ստեփաննո՜ս, մի՛ պահանջեք ինձնից այն, ինչ որ ես չեմ կարող անել, ինչ որ իմ կամքիցս չէ կախված․․․ Գո՜ւթ, գո՜ւթ ունեցեք․․․

Նա դեմքը ծածկեց ձեռքերով և, խոնարհվելով յուր ծնկների վրա, դառնագին հեկեկաց։

Հարունյանը բոլորովին կոտրվել էր։ Իշխանուհու արտասանած յուրաքանչյուր խոսքը սուր դաշույնի նման, կարծես, մաս-մաս էր անում նրա սիրտը։ Այդ ժամանակ իշխանուհին՝ յուր վշտալից, աղերսող հայացքով, յուր աղեկտուր ձայնով և, վերջապես, յուր դառնագին հեկեկանքով այնքա՛ն գեղեցիկ, այնքա՛ն անմեղ, այնքա՛ն սիրելի էր թվում նրան, որ նա պատրաստ էր իսկույն ևեթ ընկնելու նրա առաջ և ասելու— ո՛չ, մենք երբե՛ք չենք բաժանվիլ միմյանցից․ ես հավիտյան քոնն եմ և, բացի քեզանից, աշխարհիս մեջ ինձ համար այլևս ոչ ոք գոյություն չունի․ բայց նա այդ չարեց. կարողացավ իրեն զսպել, հասկանալով, որ այդ խոսքերից մինչև այդ րոպեն յուր գործ դրած բոլոր ջանքերը կարող էին բոլորովին ապարդյուն անցնել։ Նա միայն փոքր-ինչ թեքվեց դեպի իշխանուհին, կամաց առավ նրա մի ձեռքը նրա դեմքի վրայից և, ջերմագին սեղմելով այն յուր կուրծքին, ասաց դողդոջուն ձայնով․

— Սո՛ֆիա, անգի՛ն Սոֆիա, մի՞թե դուք իմ թշվառությունս եք կամենում․․․

— Մի՞թե դուք ինձ հետ թշվառ կլինեիք,— հարցրեց իշխանուհին, մի ձեռքը դարձյալ սեղմած ունենալով յուր դեմքին և շարունակելով հեկեկալ։

— Ո՛չ, երջանիկ կլինեի, Սոֆիա, բայց հենց այդ երջանկության մեջ կլիներ իմ թշվառությունը․․․ Փոքր֊ինչ առաջ ծնկաչոք ես ի՞նչ էի ասում ձեզ, ի՞նչ էի աղերսում ձեզնից․․․ Ես պատրաստ եմ իմ կյանքս զոհելու ձեզ համար, և ամենայն հոժարությամբ կզոհեմ, բայց այդ կյանքն իմս չէ, Սոֆիա, իմս չէ․ այդ կյանքի հետ ամենասերտ կապերով կապված է երկու անմեղ արարածների երջանկությունը... և մի՞թե դուք թույլ կտայիք, որ իմ կյանքիս հետ ես զոհեի ձեզ համար և այդ երկու անմեղ արարածների երջանկությունը... Ո՛չ, Սոֆիա, ո՛չ, այդպիսի սոսկալի հանցանք,