այդպիսի ծանր, աններելի մեղք դուք չեք պահանջիլ ինձնից... խո՛ դուք ինքներդ էիք ասում, որ սիրելի, սքանչելի բան է անձնազոհությունն ուրիշի երջանկության համար, ուրեմն, ինչո՞ւ չեք ուզում, որ այդ անձնազոհությունը կատարենք մենք... Օ՜, Սո՛ֆիա, Սո՛ֆիա, եթե դուք գիտենաք, թե որքա՜ն երջանիկ կլինենք մենք մեր այդ անձնազոհությամբը... խղճի խայթն անծանոթ կլինի մեզ, հպարտ կերպով կշրջենք աշխարհիս վրա, համարձակ կերպով կնայենք մարդկանց երեսին, մեր հոգին կցնծա սրբազան ոգևորությամբ, կաղոթենք անարատ սրտով քաղցր հիշատակությամբ կօրհնենք մեր հանդիպումն, կօրհնենք մեր սերը, կօրհնենք և մեր հրաժեշտը... Օ՜հ, կատարենք այդ անձնազոհությունը, Սոֆիա, կատարենք...
Նա լռեց և, շարունակելով իշխանուհու ձեռքը սեղմել յուր կրծքին, աղերսող հայացքով նայում էր նրան և սպասում՝ թե նա ի՛նչ կպատասխանե։ Իշխանուհին լուռ էր։ Նա դադարել էր հեկեկալուց և, ձեռքն արդեն հեռացրած ունենալով դեմքից, խոնարհած գլխով նայում էր ցած։ Նրա ականջներում կամ տակավին հնչում էին Հարունյանի խոսքերը, կամ նա ինչ-որ խոր մտածության մեջ էր ընկել։
Այդ լուռ տեսարանը տևեց երկար ժամանակ։ Հանկարծ իշխանուհին գլուխը բարձրացրեց, ինչ-որ անորոշ հայացքով նայեց Հարունյանին և շտապով վեր կացավ տեղից։ Նրա ձեռքը մնաց սեղմած Հարունյանի կուրծքի վրա։
— Այժմ ինձանից ոչինչ մի պահանջեք, Հարունյան,— արագախոսությամբ ասաց նա։— Ինձ մենակ թողեք․.. Մի ուրիշ ժամանակ ես... մենք կխոսենք դարձյալ...
Հարունյանը վեր կացավ և նրա ձեռքն այս անգամ սեղմեց յուր շրթունքներին։
— Ցտեսություն,— դողդոջուն ձայնով արտասանեց նա միայն և, թողնելով նրա ձեռքը, մի քանի քայլ դրեց դեպի դուռը, բայց հանկարծ, կարծես ակամայից, կանգնեց և ետ նայեց։
— Ստեփաննո՛ս․․․— նույն րոպեին կցկտուր ձայնով կանչեց իշխանուհին և, վազելով դեպի նա, բուռն զգացմունքով փարվեց նրա վզովը։
Նրանց շրթունքները միացան...