Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԺԶ
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ ՈՒՐԻՇ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Իշխանուհին մնաց մենակ։ Հանդարտ քայլերով, կարծես ուժասպառ, նա մոտեցավ լուսամուտին և մնաց այտեղ արձանացած։ Այդ րոպեին հեռանում էր Հարունյանը։ Նա ծռվեց մի ուրիշ փողոց և անհետացավ։ Բայց իշխանուհին դեռ երկար, շատ երկար ժամանակ անշարժ մնաց լուսամուտի մոտ, և նրա անթարթ աչքերը սևեռած մնացին այն տեղին, որտեղ ծածկվեց Հարունյանը։ Սիրո անսպասելի ելքը շատ խիստ ազդեցություն էր ունեցել նրա վրա։ Նա ոչինչ որոշակի չէր կարողանում մտածել. միտքը, կարծես, խճճվել, կաշկանդվել էր։ Միայն սրտի վրա նա զգում էր ինչ֊որ քաղցր, թեթև բան և մի տեսակ ծանր, վհատեցուցիչ դառնություն. այդ երկու հակառակ զգացմունքները պարբերաբար անընդհատ գործում էին նրա մեջ։ Նա աչքերը հեռացրեց այն տեղից, որտեղ ծածկվեց Հարունյանը, ուսի վրայից կամաց նայեց սենյակի մեջ, հետո յուր հայացքը դարձրեց դարձյալ դեպի դուրսը, նայեց երկնքին, նայեց և տան առաջ գտնված պարտեզին։ Արևը մայր էր մտնում։ Վերջալույսը ներքևում ամեն ինչ ներկել էր շառագունով։ Դալարագեղ պարտեզը ժպտում էր։ Յուր մեջ գործող երկու հակառակ զգացմունքների ազդեցության տակ իշխանուհուն մերթ թվում էր, թե յուր ողջ կյանքի մեջ դեռ մի այդպիսի սքանչելի երեկո, սքանչելի եղանակ չէ տեսել, և մերթ թվում էր, թե այդ սքանչելի երեկոն, այդ սքանչելի եղանակն և յուր շուրջն ամեն ինչ պատած է սև, տխուր, մռայլ քողով։

Նա կամաց նստեց այնտեղ դրված բազկաթոռի մեջ և, գլուխը հենելով ձեռքի վրա, անթարթ աչքով սկսեց նայել այն աթոռին, որի վրա փոքր֊ինչ առաջ նրա հանդեպ նստած էր Հարունյանը։ Նրա ուղեղը փոքր առ փոքր սկսում էր դուրս դալ խճճումից, կաշկանդումից, նա կարողանում էր որոշակի մտածել։ Նա երևակայում էր, թե ի՞նչպես Հարուն-յնը չոքած էր յուր առաջ և գլուխը հատակի վրա խոնարհած, համբուրում էր յուր հանդերձի քղանցքը. երևակայում էր, թե ի՞նչպիսի սիրավառ, տխուր և աղերսող հայացքով