նա նայում էր իրեն. երևակայում էր, թե ի՛նչպես հանցավորի նման գլուխը խոնարհած՝ նա նստած էր յուր հանդեպ աթոռի վրա. մի խոսքով,— երևակայում էր իրենց տեսակցությունը սկզբից մինչև վերջն բոլոր մանրամասնություններով։ Բայց նա չէր երևակայում և չէր էլ կարողանում երևակայել բաժանման րոպեն— գրկախառնությունն և համբույրը․ նա միայն զգում էր այդ։ Զգում էր, թե ի՛նչպես յուր ձեռքերը բոլոր ուժով փաթաթված էին Հարունյանի վզովը, յուր կուրծքը բաբախում էր նրա կուրծքի վրա, շնչառությունը խառնվում էր նրա շնչառության հետ, և շրթունքները ցնցվում, վառվում, հալվում էին նրա շրթունքների վրա։
«Կյա՛նք, կյա՛նք, այդպիսի քաղցր րոպե դու դեռ ինձ չես պարգևել», քաղցր հափշտակությամբ շշնջաց նա աչքերը փակելով և, ձեռքերը դնելով բազկաթոռի թիկունքի վրա, դեմքը թաղեց կռների մեջ։
Հափշտակությունն այնքա՛ն խոր էր, զգացողությունն այնքա՛ն քաղցր, այնքա՛ն դուրալի, որ նա ուզում էր հավիտյան այդ դրության մեջ մնալ և ուրիշ ոչինչ չանել, ուրիշ ոչ մի բանի մասին չմտածել։
— Տիրուհի՛,— հանկարծ լսեց նա յուր մոտ ինչ-որ ձայն։
Նա արագությամբ բարձրացրեց գլուխը և՝ քաղցր երազից սթափվողի նման՝ նայեց։ Նրա առաջ անհամարձակ կերպով կանգնած էր աղախինը։
— Ի՞նչ է,— հարցրեց նա։
— Պարոն Պետրովն եկել է,— ասաց աղախինը։
Պետրովի անունը դեռ ոչ մի ժամանակ այնքան ատելի, այնքան զզվելի չէր թվացել իշխանուհուն, որքան այդ րոպեին։
— Գնա՜ ասա՝ տանը չէ,— հրամայեց նա աղախնուն։— Ասա՛ հիվանդ է, կարող չէ ընդունել... Գնա՛, վռնդի՛ր այստեղից... գնա՛, գնա՛... Աչքերս այլևս չտեսնեն նրան... Գնա՛...
Աղախինը դուրս գնաց։
Իշխանուհին ձեռքերը նորից բազկաթոռի թիկունքի վրա դրեց, նորից դեմքը թաղեց կռների մեջ և աշխատեց ընկնել առաջվա քաղցր հափշտակության մեջ. բայց իզո՜ւր— աղախնի