Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայտնվելն և Պետրովի անունը նրա հոգեկան լարված տրամադրությունը սաստիկ խանգարել էին։ Այդպես են լինում նրանք, որոնք մի որևիցե քաղցր երազից հանկարծ արթնանալով, նորից աչքերը փակում են իսկույն, աշխատում են նորից քնել և նորից նույն երազը տեսնել։

Քաղցր հափշտակությունը տեղի տվավ զանազան մտածմունքներին։ Այդ մտածմունքները ծանր էին։ Նա աշխատում էր դրանց հեռացնել, հալածել, բայց դրանք, կարծես, անկախ նրա կամքից, հետզհետե կուտակվում էին նրա գլխում և ճնշում էին նրա ուղեղը, նրա սիրտը։ Այդ մտածմունքները Հարունյանի այցելության նպատակի մասին էին։— Արդյոք նա պե՞տք է բաժանվի Հարունյանից, թե ոչ։ Նոր զգացմունքները, որ Հարունյանի շնորհիվ ծնվել էին նրա մեջ, պատասխանում էին՝ պե՛տք է բաժանվի․ իսկ սերը մնում էր լուռ։ Բայց կարո՞ղ է արդյոք բաժանվել։

Աերը, որ ավելի հին էր և խոր արմատներ ուներ բռնած նրա սրտի մեջ, պատասխանում էր՝ չէ՛ կարող, իսկ նրա զգացմունքները մնում էին լուռ։

«Ի՞նչպես, ի՞նչպես բաժանվեմ ես նրանից,— խորին վշտով մրմնջում էր նա։— Ինձ շրջապատող դատարկ, անտանելի Պետրովների մեջ հազիվհազ գտել եմ մեկը— մտքով, սրտով և հոգով հարուստ մի մարդ, որին սիրել եմ, որին պաշտում եմ հոգուս բոլոր ուժերով և այն էլ պե՛տք է բաժանվեմ նրանից... ինչո՞ւ... ինչո՞վ եմ ես մեղավոր, որ բարոյականության խստապահանջ օրենքներն ուզում են ինձ հալածել, մատնել կարեվեր տանջանքներին... Եվ բաժանվելով նրանից, ո՞ւր պետք է գնամ ես արդյոք, ո՞ւր, որտեղ շուրջս սպանիչ մեռելություն, սպանիչ դատարկություն չզգամ... Թո՛ղ ինչքան ուզում է փայլե արևը, թո՛ղ հրաշալի բնության սքանչելիքը կյանք և կենդանություն տարածե, և միլիոնավոր մարդիկ թո՛ղ զվարճանան շուրջս, երկրպագեն իմ առաջ— մի՞թե այդ բոլորը կարող է փոխարինել գեթ այն մի րոպեին, մի վայրկյանին, երբ ես նրա մոտ կլինեի, երբ ես կզգայի նրա ներկայությունը... Ա՜խ, ա՜խ, որքա՛ն անողոք է եղել ճակատագիրս... Հավիտյան մենա՜կ, հավիտյան անտե՜ր․․․»։