Դառն արտասուքը խփեց նրա կոկորդին․ նա դեմքն ամուր սեղմեց կռների մեջ և, երկար, շատ երկար ժամանակ մնաց այդպես։
Երբ նա գլուխը բարձրացրեց, արդեն սկսում էր մթնել։ Վշտալից և թաց հայացքով լուսամուտից դուրս նայեց. վերջալույսն երկնքի վրա արդեն հանգել էր, պարզած երկինքն ստանում էր թանձր կապույտ գույն, հեռու՝ արևելյան հորիզոնի վրա շատ աղոտ կերպով սկսում էին առկայծել փոքրիկ աստղերը։ Նա յուր հայացքը դարձրեց սենյակի մեջ․ սենյակում տիրում էր կիսախավար։
Նույն րոպեին սենյակի դուռը բացվեց, ներս մտավ աղախինն և վառեց սեղանի վրա դրված լամպարը։ Սենյակը լուսավորվեց. բայց այդ լույսը շատ անախորժ թվեցավ իշխանուհուն։ Յուր վշտաբեկ սրտի համար նա խավար էր ուզում, խավարը նրան, կարծես, սփոփանք էր տալիս։ Լամպարը վառելուց հետո աղախինն ուզում էր դուրս գնալ։
— Մարիա,— կամաց արտասանեց նրա ետևից իշխանուհին։
Աղախինը կանգնեց և շուռ եկավ դեպի Նա։
— Ի՞նչ եք հրամայում, տիրուհի,— հարցրեց նա։
— Լամպարը հանգցրու... ո՛չ, ցածրացրու լույսը։
Աղախինը, որ արդեն սովորել էր յուր տիրուհու վերջին ժամանակների օտարոտի վարմունքներին և հրամաններին, մոտեցավ սեղանին և քիչ ցածրացրեց լամպարի լույսը։
— Էլի՛ ցածրացրու,— հրամայեց իշխանուհին։
Աղախինը քիչ էլ ցածրացրեց։
— Է՛լի։
Աղախինը դարձյալ ցածրացրեց։ Սենյակը այժմ լուսավորվում էր շատ աղոտ կերպով։
— Բավական է,— ասաց իշխանուհին։
Աղախինը ուզում էր դուրս գնալ։
— Մա՛րիա,— առաջվա նման դարձյալ արտասանեց նրա հետևից իշխանուհին։
Աղախինը դարձյալ կանգնեց և շուռ եկավ դեպի նա։
— Ի՞նչ եք հրամայում, տիրուհի,— հարցրեց նա։
— Արի՛ ինձ մոտ։
Աղախինը առաջ գնաց դեպի նա։