Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա դարձյալ լռեց։ Մարիան, նրա կողքին նստած՝ զարմացած նայում էր նրա դեմքին։

Իշխանուհին դեռ մի րոպե մնաց լուռ և անշարժ. հետո հանկարծ ամբողջ մարմնով ցնցվեց և նստեց ուղիղ։ Հոգեզմայլությունը մի ակնթարթում անհետացավ նրա գունատ դեմքից, որ ստացավ մի տեսակ վշտաբեկ, թախծալից արտահայտություն։ Նա դարձավ դեպի Մարիան և, ձեռքը կուրծքի վրա սեղմելով, ասաց խեղդված ձայնով.

— Մա՛րիա, ի՜նչպես ծա՜նր է այստեղ, ի՜նչպես ծանր է...

Նրա ձայնը բոլորովին խեղդվեց, աչքերում ցոլացին արտասուքի խոշոր կաթիլներ և, երկու ձեռքով ամուր փաթաթվելով նրա վզովը, նա դեմքը ծածկեց նրա կուրծքի մեջ։

— Մա՛րիա, Մա՛րիա,— կանչեց նա դառնագին հեկեկալով,— սփոփի՛ր ինձ... թեթևացրո՛ւ սիրտս...

Այն աստիճան աղեկտուր էր նրա ձայնը, որով նա արտասանեց այդ բառերը, որ աղախնի աչքերում նույնպես արտասուքի կաթիլներ ցոլացին։

— Մա՛րիա, ասա՛, ի՞նչ պիտի անեմ ես այժմ... Ոչինչ հույս չկա՞, Մարիա, ոչի՞նչ հույս... Ա՜խ, եթե միայն այժմ իմ ամուսինս, իմ անգին ամուսինս կենդանի լիներ... եթե միայն ես ունենայի զավակ, մի հատիկ զավակ...

Նա գլուխը բարձրացրեց և արտասվաթոր աչքերով նայեց Մարիայի դեմքին։

— Մա՛րիա,— ասաց նա,— ի՜նչպես լավն ես դու... Ո՜րքան թանկագին ես դու այժմ ինձ համար... Ի՜նչպես ես քեզ սիրում եմ և ի՜նչպես պիտի սիրեմ քեզ այսուհետև... Սիրի՛ր դու ևս ինձ, Մարիա, սիրի՛ր, սիրի՛ր․․․ ես թշվառ եմ, օ՜, շատ թշվառ...

Նա դեմքը դարձյալ ծածկեց նրա կրծքի մեջ և այս անգամ հեկեկում էր լուռ և ամենադառը կերպով։ Այդ րոպեին նա նմանում էր մի անմեղ երեխայի, որ մոր գրկի մեջ լաց է լինում։ Նրա ձեռքերն ամուր կերպով փաթաթված էին Մարիայի վզովն, և նա աշխատում էր, որքան կարելի է, դեմքն ավելի խոր թաքցնել նրա կրծքի մեջ, որով, կարծես, կամենում էր խլացնել յուր ծանր հեկեկանքը։ Մարիան ինքն էլ չէր