նա երջանիկն էր կարծում։ Շատ անգամ նա սրտի սաստիկ, բայց քաղցր բաբախմամբ առնում էր յուր կնոջ փոքրիկ, սիրուն, քնքուշ, մարմարանման ձեռքերն և, նրանց վրա ջերմ համբույրներ դրոշմելով, անդադար կրկնում էր. «Ո՞րքան ես քեզ սիրում եմ․․․ ո՛րքան երջանիկ եմ․․․ Եթե Սողոմոնը գիտենար, որ մի ժամանակ մենք աշխարհ ենք գալու, նա չէր ասիլ «մարդ կարող չէ յուր մահից առաջ երջանիկ կոչվիլ»։ Կինը ծիծաղում էր։
Բայց շուտով մայրաքաղաքի հեշտալից կյանքը փչացրեց իշխանուհի Մելիքյանի առանց այն էլ վաղուց արդեն փչացած բնավորությունը։ Ի բնե հպարտ լինելով յուր գեղեցկությամբ, նա առավել ևս վեր քաշվեցավ, երբ տեսավ, որ յուր վրա այնքան մեծ ուշադրություն են դարձնում։ Նրա քմահաճությունները բազմացան։ Այնուհետև նրա բանն ու գործը եղավ՝ ծառայել յուր արտաքին տեսքի գեղեցկության ավելի կատարելադգրծելուն, որի համար նա անում էր անլսելի շռայլություններ զանազան նորամոդային հանդերձեղենների և կանացի արտաքին զարդարանքների վրա։ Նա սկսեց բավական աչքի ընկնող խնջույքներ և երեկույթներ էլ պատրաստել յուր իշխանական պալատանման տներում։ Շուտով նրա անունը հռչակվեցավ։ Բայց նա գոհ չմնաց ռուսաց մայրաքաղաքի կյանքով, նա կամեցավ նոր երկրներ, նոր քաղաքներ տեսնել և նրանց համն էլ առնել։
Իհարկե, նրանցից առաջին տեղը բռնում էր Փարիզը։ Այո՛, Փա՛րիզը—, այդ ռոմանների ու մոդաների ամենահարազատ մայրը․․․ Դեռ նա տասնևերեք տարեկան էր, որ Ֆրանսիայի մայրաքաղաքը գրավում էր նրա մանուկ հոգին դեպի յուր դյութություններն, երբ նա՝ ամբողջ ժամերով մի որևիցե ռոման ձեռքին՝ մեծ հետաքրքրությամբ և ուշի֊ուշով կարդում էր գեղեցիկ կոմսուհիների շքեղաշուք բուդուարների նկարագրությունները, մի որևիցե երիտասարդ վիկոնտի և մարկիզուհու սիրային արկածները, կոկետի հեշտալից կյանքն և այլն, և այլն։ «Ա՜խ, ի՛նչ հիանալի կլինի, եթե ես ոտք կոխեմ այդ տեղերում»,— մտածում էր այդ ժամանակ Թիֆլիսի կալվածատիրոջ տասնևերեք տարեկան աղջիկը։ Եվ այդ ցանկությունն այժմ կամեցավ իրագործել։