հասկանում, թե այդ ժամանակ ի՞նչ էր կատարվում յուր մեջ․ նա միայն նույնպես լալիս էր։
Դեռ երկար ժամանակ իշխանուհին՝ կպած նրա կրծքին՝ հեկեկում էր։ Ըստ երևույթին, նա չէր կամենում բաժանվել այդ կուրծքից, որի մեջ, կարծես, զգում էր յուր սրտին թեթևություն։ Հետզհետե նրա հեկեկանքը նվազում էր, վերջ ի վերջո բոլորովին կտրվեցավ, և այժմ նրա սիրտն երբեմն թրթռում էր։
Վերջապես իշխանուհին գլուխը բարձրացրեց և արտասուքից քիչ ուռած աչքերով սկսեց նայել նրա աչքերին։ Հետո գլուխը դրեց նրա ուսի վրա և, շարունակելով նայել նրա աչքերի մեջ, ասաց հանդարտ ձայնով․
— Մա՛րիա, դեմքդ մոտեցրու․ ես կամենում եմ քեզ համբուրել։
Մարիան յուր գեղեցիկ այտը մոտեցրեց նրա գունատ շրթունքներին, և նա ամուր կերպով համբուրեց նրան։
— Մա՛րիա, այժմ դու համբուրիր ինձ. համբուրիր այնպես, ինչպես զավակը համբուրում է յուր մորը։
Մարիան այդ էլ կատարեց։
Փոքր֊ինչ լռությունից հետո, իշխանուհին դարձյալ սկսեց խոսել, բայց այս անգամ բոլորովին հանդարտ։
— Մա՛րիա, ասաց նա՝ շարունակ նայելով նրա աչքերի մեջ,— դու այսուհետև իմ զավակն ես, իսկ ես՝ քո մայրը․․․ Դու միշտ այսուհետև իմ մոտս կաց, ինձ սիրիր, համբուրիր․ ես էլ քեզ կսիրեմ, կհամբուրեմ․․․ Մա՛րիա,— հանկարծ հարցրեց նա,— դու որբ ես, չէ՞։
— Այո՛ , տիրուհի,— պատասխանեց աղախինը։
— Ես ևս որբ եմ, Մարիա․․․ ես ևս աշխարհիս մեջ մենակ եմ, բոլորովին մենակ․․․ Ուրեմն եթե մենք այսուհետև միանանք, Մարիա, այլևս մենակ չենք լինիլ, այնպես չէ՞։ Դու իմ զավակս կլինես, իսկ ես՝ քո մայրը։ Երբ որ դու ինձ կասես «մայրիկ», ես կուրախանամ, երբ որ ես քեզ կասեմ «զավակս», դու կուրախանաս․․․ և այսպես շատ լավ կլինի, Մարիա, այնպես չէ՞։
Մարիան գլուխը շարժեց։
— Հապա այժմ դու ինձ ասա «մայրիկ», այնպես, ինչպես զավակն ասում է յուր մորը։