Նա խոսում էր, կարծես, ինքն յուր հետ, գրեթե շշնջալով, և նրա գեղեցիկ աչքերից արտասուքի խոշոր, գոհարանման կաթիլները հանդարտ կերպով գլորվում էին նրա գունատ այտերի վրայով։
— Եթե միայն ես այժմ նրա գերեզմանի մոտ լինիմ․․․
Նա դարձյալ լռեց և երկար ժամանակ մնաց այդպես անշարժ։ Արտասուքը դադարեց հոսելուց, և նա այժմ, կարծես, մի բան, մի խոր բան մտածում էր։ Հանկարծ նա գլուխը բարձրացրեց և նայեց Մարիային։
— Մա՛րիա,— ասաց նա,— մենք պիտի գնանք Պետերբուրգ։
— Ե՞րբ, տիրուհի։
— Ե՞րբ․․․ շուտով․․․ մի քանի օրից հետո։ Իսկ այժմ ինձ մենակ թող։
Աղախինը վեր կացավ և դուրս գնաց։
Իշխանուհին առաջվա նման ձեռքերը դրեց բազկաթոռի թիկունքի վրա, դեմքը դարձյալ թաղեց կռների մեջ, և խոր մտածմունքները պաշարեցին նրան։
Նրա մտածմունքները այս անգամ բոլորովին ուրիշ տեսակ էին։
Նա լուսացրեց բազկաթոռի մեջ։
Ժէ
ԱՆՏԱՌԻ ԾԱՌԵՐԻ ՏԱԿ
Հարունյանն իշխանուհու դաստակերտից հեռացավ շփոթված և հուզված. նրա սիրտը ճնշված էր անպատմելի ծանրության տակ։ Այդ օրվա տեսակցությունը, խոսակցությունն և մանավանդ իշխանուհու գրկախառնությունն ու համբույրը նրա մեջ ամեն ինչ տակնուվրա էին արել... Նրա միտքը, սիրտն և հոգին մնացել էին իշխանուհու մոտ։ նա բոլորովին չզգաց և չհասկացավ, թե ինչպես հասավ տուն։ Դռան մեջ նրան դիմավորեց կինը։
— Եկա՞ր, սիրելիս. սպասում էի քեզ անհամբեր․․․ Այժմ ի՞նչպես ես,— հարցրեց նա յուր փաղաքշական ձայնով։