Կնոջ հանդիպելն առաջին նվագ Հարունյանի մեջ ատելության նման ինչ֊որ խորշեցնող զգացմունք ծնեցրեց դեպի նա։ Եվ այդ առաջին անգամն էր, ինչ ապօրինի սերը ներս էր սողացել նրա սիրտը։ Այդ նորածին զգացմունքն առաջին րոպեին, կատարելապես տիրապետելով նրա մյուս բոլոր զգացմունքներին, այն աստիճան զորեղ կամայականությամբ գործեց նրա մեջ, որ մինչև անգամ կնոջ հարցին նա չպատասխանեց և, առանց նրան նայելու, ներս մտավ սենյակը։
Կինը հետևեց նրան։
— Ստեփաննո՛ս, նայիր ինձ,— անհանգստությամբ ասաց նա, կտրելով ամուսնու առաջը։— Ի՞նչ է պատահել․․․ դու բոլորովին գունատ ես․․․
— Ի՞նչ պետք է պատահի,— գրեթե կոպտաբար պատասխանեց ամուսինը և, ցիլինդրը դնելով սեղանի վրա, նստեց մեծ բազկաթոռի մեջ։
— Դու գունատ ես, Ստեփաննոս, դու գունատ ես,— կրկնեց կինն առաջվանից ավելի անհանգստությամբ։— Գնալիս դու այդպես չէիր․․․
— Հապա ի՞նչպես էի․․․
— Ավելի հանգիստ էիր․․․ գույնդ այդպես նետած չէր․․․
Ամուսինը լուռ նայեց կնոջ աչքերին, հետո յուր հայացքը դարձրեց դեպի դուրս։
— Գլուխս ցավում է, Նունե,— հանգիստ ձայնով պատասխանեց նա։
— Միա՞յն։
— Այո․․․
Կինն ակամայից հիշեց իշխանուհու գլխացավը և ինքն էլ չհասկացավ, թե ինչո՛ւ մի ուրիշ տեսակ հայացքով լուռ նայեց ամուսնու աչքերին։
— Շա՞տ է նեղացնում,— հարցրեց նա։
— Է՛հ, հիմար բան է,— պատասխանեց ամուսինը։— Արժե՞ սրա վրա ուշադրություն դարձնել․․․ իսկույն կանցնի․․․ Միայն դու լավ կանես, եթե ինձ առժամանակ հանգիստ թողնես․․․
Կինը կրկին անգամ նայեց նրա աչքերին առաջվա հայացքով։ Ուրիշ անգամ գուցե նա հանգիստ չտար նրան յուր զանազան հարցերով՝ թե ինչո՛ւ է ցավում նրա գլուխը, կուզե՞