Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բժիշկ կանչեն և այլն— բայց այս անգամ, կարծես, ինչ-որ անհայտ զորությունից կաշկանդվեց նրա լեզուն։ Նա ոչինչ չասաց և ակամա մտախոհությամբ դուրս գնաց։

Հարունյանն անմիտ հայացքով մեքենայաբար նայեց նրա ետևից և մնաց անշարժ նստած տեղում։ Նա, կարծես, ոչ մտածում էր, ոչ զգում։ Նրա ամբողջ գոյությունը կլանել էր միայն մի զգացմունք— սերը, որ դեռ երբեք այդ ուժով չէր գործել նրա մեջ, ինչպես այդ ժամանակ։ Կինը նրան անտանելի էր թվում, տունը՝ օտար, շրջապատող օդը՝ խեղդիչ. նրա բոլոր ուշքն ու միտքն իշխանուհին էր․․․ Մինչև անգամ նա կարծում էր, թե նոր է սկսում սիրել։

Չանցավ երեք րոպե, դուռը կամաց բացվեց, տիկին Հարունյանը կրկին ներս մտավ։ Նրա դեմքը սաստիկ անհանգստություն էր արտահայտում։ Նա արագությամբ մոտեցավ ամուսնուն և բռնեց նրա ձեռքերից։

— Ստեփաննո՛ս,— ասաց նա կնոջ սիրող, քնքուշ սրտին հատուկ անհանգստությամբ և ջերմ, կարեկից հայացքով նայելով նրա աչքերի մեջ,— դու գիտես, որ ես երբե՛ք չեմ կարող հանգիստ լինել, երբ քեզ այդպես եմ տեսնում․․․ Ասա՛, ճշմարիտն ասա, ուրիշ բան խո չէ՞ պատահել քեզ ուրիշ տեղդ խո չէ՞ ցավում․․․ հըա՞։

— Զարմանալի է․ ասացի, որ միայն գլուխս է ցավում պատասխանեց ամուսինը, հազիվ դիմանալով կնոջ հայացքին։— Ինձ չե՞ս հավատում։

— Ո՛չ, չեմ հավատում, Ստեփաննոս, չեմ հավատում․․․ Դու երբե՛ք այդպես չես եղել․․․ ես քեզ երբե՛ք այդպես չեմ տեսել․․․ Երեկ գիշերվա օտարոտի վարմունքդ, այժմյան օտարոտի դրությունդ․․․ ո՛չ, դու երբե՛ք այդպես չես եղել, հասկանո՞ւմ ես ինձ, երբեք այդպես չես եղել․․․ Դու մի բան գիտես․․․ քեզ մի բան պատահում է, բայց դու այդ ինձ չես ուզում հայտնել․․․ Ստեփաննոս, նայի՜ր ինձ ուղիղ, ես վախենում եմ․․․ Ասա՛, ասա ճշմարիտը․․․ Ասա։

Նրա աչքերը թաց եղան, ձայնը դողաց և, կրկնապատկելով յուր հայացքի ուժը, նա չոքեց ամուսնու առաջ։

Մի ակնթարթում խղճի խայթը զարթնեց Հարունյանի մեջ «խաբեբա՛, անպիտա՛ն, ստո՛ր, գարշելի՛, դավաճա՛ն»— կարծես միլիոնավոր ձայներ խլացրին նրա ականջները... Նա