Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցնցվեց ամբողջ մարմնով և կատարելապես տիրապետեց իրեն։

— Նո՛ւնե, ի՞նչ ես անում, վեր կաց,— ասաց նա փաղաքշական ձայնով։— Հավատացի՛ր, ոչինչ չկա, իզուր դու այդպես անհանգստանում ես․․․ վեր կաց․․․ գլուխս փոքր ինչ ցավում է, իսկույն կանցնի․․․ Վեր կաց։

Կինը վեր չկացավ, այլ ձեռքերով ամուր գրկեց ամուսնու մեջքը և, գլուխը դնելով նրա կուրծքի վրա, անհուն սիրրով, անհուն քնքշությամբ լուռ նայեց նրա աչքերին։

Իսկ ամուսինը մի ձեռքով կամաց գրկեց նրա սիրուն, փոքրիկ գլուխը։


Հետևյալ օրը առավոտյան կինը խնդրեց ամուսնուց իշխանուհուն այցելության գնալու։ Ամուսինը համաձայնեց, որպեսզի ոչինչ կասկածանքի տեղիք չտա նրան․ բայց նախորդ օրվա իշխանուհու հետ ունեցած տեսակցությունից հետո Հարունյանի համար շատ դժվար էր կնոջ հետ նրան այցելելու։ Ինչևիցե։ Գնացին։ Բայց իշխանուհին աղախնի բերանով հազար ներողություն խնդրեց, որ այդ ժամանակ ոչ մի կերպ կարող չէ ընդունել նրանց, որովհետև իրեն շատ վատ է զգում։

— Երևի գլխացավը նորոգվել է,— ասաց կինն ամուսնուն։

Ամուսինը մնաց լուռ։

Կինը մտախոհ հայացքով նայեց նրան։

— Խոսք եք տվել, ի՛նչ է, միմյանց, որ գլխացավը ձեզ միևնույն դրության մեջ ձգե,— ասաց նա։— Առաջ նրա գլուխն էր ցավում․ երեկ՝ քոնը, այսօր դարձյալ նրանը…

Ամուսինն այդ խոսքերի վրա ստիպված ծիծաղեց միայն․ բայց այդ ծիծաղը շատ անշնորհք ծիծաղ էր, որին մինչև անգամ սխալ կլիներ ծիծաղ անվանել։

Նրանք գնացին տուն, բայց երեկոյան կրկին եկան։ Այս անգամ իշխանուհին ինքը դուրս եկավ նրանց առաջ նախասենյակը։

— Սո՛ֆիա,— նրան տեսնելուն պես կանչեց տիկին Հարունյանը՝ առաջ շտապելով դեպի նա։— Այդ ի՞նչ ես դառել․․․