վազող ամառանոցի բնակիչները քնում էին մինչև կեսօրը, ինչպես այդ սովոր են անել քաղաքում. նրանց համար գոյություն չունի ամառանոցի հրաշալի վաղ առավոտը և վաղ առավոտի առողջարար օդը։
Արևը նոր էր բարձրանում։ Անտառի թավուտ կատարը ներկվել էր շառագունով. ծառերն երկար ստվերներ էին արձակել։ Ամառանոցի վերա կանգնած ամառային փոշենման մշուշը հետզհետե պարզում էր. երկնքի վրա` հորիզոններին մոտ` ձգվել էին ոսկեգույն ամպեր։ Թռչունները վաղուց սկսել էին վաղորդյան իրենց զանազանաձայն ուրախ համերգը։ Ցողասփյուռ անտառը շնչում էր թարմ, կենարար անուշահոտությամբ։
Հարունյանը նստեց անտառի մուտքի մոտ` նստարանի վրա և սկսեց նայել դեպի այն կողմը, որ կողմից որ պետք է գար իշխանուհին։ Բնության հրաշալիքն իսպառ կորցրել էր նրա աչքում յուր գրավիչ, կախարդող ազդեցությունը. նրա սիրտը բաբախում էր շատ ծանր, ցավ տալով. կարծես մի անհայտ զորություն գուշակում և գուժում էր նրան մի սոսկալի վիշտ։ Նա սպասում էր, սպասում էր, որպես մի մարմնացյալ անհամբերություն։
Հանկարծ նրա սիրտն այնպես թրթռաց, որ կարծես ուզում էր պատռել կուրծքն և դուրս ընկնել։ Նա տեսավ իշխանուհուն, որ արագ քայլերով գալիս էր դեպի ինքը։ Էլ չսպասեց, որ նա մոտենա իրեն, և, վեր կենալով, իսկույն առաջ շտապեց դեպի նա։ Նրանք մոտեցան միմյանց, լուռ նայեցին միմյանց աչքերին և լուռ սեղմեցին միմյանց ձեռքը։ Նույն լռությամբ նրանք անմիջապես դիմեցին դեպի անտառ։
Իշխանուհին հագած ուներ սև հագուստ, դրա վրայից` ձմեռային կարճ վերարկու, որովհետև առավոտյան օդը զգալի կերպով ցուրտ էր, իսկ գլխին գցած ուներ մետաքսյա սպիտակ և բարակ շալ, որի առջևի երկու կողմերը պարանոցի մոտ բռնած ուներ ձեռքով։ Նրա դեմքն դեռ այնպես գունատ չէր եղել այդ առավոտ, աչքերը բոլորովին ընկել էին խոր, նրանց տակի կապույտը կրկնապատկվել էր, շրթունքների բաց կարմիրը բոլորովին դժգունել էր. մի խոսքով նրա դեմքի վրա ամեն ինչ պարզ վկայում էր, որ նա շատ էր տանջվել և գիշերը բնավ չէր քնել։