Վերջապես արիստոկրատ լինել և Փարիզը չտեսնե՜լ, մի՞թե այդ երևակայել անգամ կարելի է... նա ոչ թե խնդրեց ամուսնուն, որ կամենում է Փարիզ գնալ, այլ հրամայեց... և նրան պաշտող թուլամորթ ամուսինը չէր կարող նրա հրամանը չկատարել, նա մինչև անգամ ուրախ էր, որ կարողանում է յուր պաշտելի կնոջ հաճույքը, ցանկությունը կատարել։ Նրանք գնացին Փարիզ։ Ավելորդ է ասել, թե հենց առաջին օրից ի՛նչ տպավորություն գործեց Ֆրանսիայի և բոլոր աշխարհի այդ մայրաքաղաքն ամեն տեսակ ճոխությունների և շքեղությունների սիրահար իշխանուհի Մելիքյանի վրա։ Ավելորդ է նույնպես ասել, թե ի՛նչեր արեց նա այնտեղ, ինչեր չարեց... միայն երկու տարուց հետո, շրջելով գրեթե ամբողջ նշանավոր Եվրոպան, նա վերջ ի վերջո ակամայից վերադարձավ Պետերբուրգ։ Նոր էր վերադարձել նա Պետերբուրգ, երբ մի հեռագիր ստացավ, որի մեջ հայտնում էին նրան, որ հայրը մերձիմահ հիվանդ է և շուտափույթ պահանջում է նրան՝ վերջին անգամ օրհնելու և ժառանգությունը նրան կտակելու։ (Իսկ նրա մայրը մի տարի առաջ էր մեռել, այսինքն այն ժամանակ, երբ նա ճանապարհորդում էր)։ Նա շտապեց դեպի Թիֆլիս, ո՛չ թե որդիական սիրուց և պարտաճանաչությունից դրդված (նրա մեջ վաղուց էին մեռած որդիական զգացմունքները), այլ նրա համար, որ ստանա հոր ահագին ժառանգությունը։ Նա այն ժամանակ հասավ Թիֆլիս, երբ հայրն արդեն դիակնացած էր, իսկ կտակը՝ պատրաստի։ Նա այնքան էլ չցավեց հոր մահվան վրա, բայց ուրախացավ կտակի համար։ Հորը թաղեց նա մոր կողքին, մի քանի կարգադրություններ արեց ժառանգական բազմաթիվ կալվածքների վերաբերությամբ և դարձյալ սլացավ դեպի մայրաքաղաք։
Դեպի ամուսինն, ինչպես արդեն ասացինք, նա հենց սկզբից ոչինչ սեր չէր զգում, բացի երախտագիտության զգացմունքից, եթե միայն կարելի է այդպես անվանել այն զգաքմունքը, որ ծնվել էր նրա մեջ դեպի երիտասարդ իշխանը նրա համար միայն, որ այս վերջինս էր եղել պատճառը, որ նրա փառասիրական բոլոր ցնորքներն ու ձգտումներն իրագործվել էին։ Սակայն այդ զգացմունքն էլ երկար հյուրընկալություն չկարողացավ գտնել իշխանուհի Մելիքյանի