Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համեստ, ազնիվ, առաքինի ամուսին, որ սիրում, պաշտում և նվիրված էր ինձ յուր բոլոր գոյությամբ, բայց ես... Ո՛չ, ո՛չ, Հարունյան, դուք այդ չպետք է գիտենաք... ես չեմ ուզում, որ ձեր աչքում ընկնեմ... ես չեմ ուզում, որ դուք ինձ վրա վատ գաղափար կազմեք.․․ միևնույն չէ՞, խո ես զղջում եմ, խո հեռանում եմ սխալ ճանապարհից, խո քավում եմ մեղքերս․․․ ուրեմն՝ ինչո՞ւ դուք պետք է դատապարտեք ինձ, ի՞նչ իրավունքով պետք է դատապարտե ինձ և հասարակությունը... Ես վատ կին չեմ, Հարունյան, աստված է վկա, ես վատ կին չեմ. բնությունը ստեղծել է ինձ լավ հատկություններով, բայց ես ի՞նչ մեղավոր եմ, որ սխալ դաստիարակությունն իմ այդ լավ հատկություններին վատ ուղղություն է տվել, ես ի՞նչ մեղավոր եմ, որ հասարակությունն ինձ այսպես այլանդակել է... Եվ եթե ես վատ կին լինեի, մի՞թե դուք ինձ կսիրեիք, Հարունյան, մի՞թե ձեր ազնիվ, առաքինի սիրտը կկապեիք իմ սրտի հետ, եթե ես վատ կին լինեի... Ո՛չ, Հարունյան, ոչ, անշուշտ ձեր բնությունը հասկացել է ինձ, և այդ անչափ ուրախություն է պատճառում ինձ... Այս րոպեիս ես ընդունակ և պատրաստ եմ ամեն տեսակ վեհ, սրբազան գործ կատարելու, և ահա այժմս ես եկել եմ ձեզ մոտ, որպեսզի հայտնեմ ձեզ, թե ամենայն հոժարությամբ ընդունում եմ կատարելու այն անձնազոհությունը, որ դուք խնդրում էիք ինձանից, որ դուք իբրև բարոյական պարտականություն դնում եք ինձ վրա. ես պետք է հեռանամ ձեզանից, պետք է հեռանամ... ընդմիշտ... և...

Նրա ձայնը դողաց, կտրվեց, աչքերը լցվեցան արտասուքով, նա շրջեց յուր դեմքը Հարունյանից։

Հարունյանը կարծես զրկվել էր ձայն հանելու ընդունակությունից։ Նա նստած էր անշարժ, միայն նայում և լսում էր նրան։ Այդ ժամանակ նրա վիշտն այնքա՜ն ծանր էր, որ նա գրեթե ոչինչ չէր զգում։

Երկար լռությունից հետո իշխանուհին գլուխը դեպի նա դարձրեց և տխուր, շատ տխուր հայացքով նայեց նրա աչքերին։

— Ինչո՞ւ չեք խոսում, Հարունյան,— հարցրեց նա մեղմ ձայնով։