Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն զարմանալի փոփոխությունը, որ վերջին օրերում կաաարվել էր իշխանուհու մեջ, նրա սիրտը լցնում էր անհուն բերկրանքով, որովհետև այդ փոփոխության պատճառն ինքն էր. բայց երբ մտաբերում էր իշխանուհու վճիռն յուր ընդմիշտ հեռանալու մասին, խորին հուսահատությունն իսկույն պաշարում էր նրան, չնայելով որ այդ ինքն էր խնդրել նրանից. և այդ հուսահատությունն երբեմն այն աստիճանի էր հասնում, որ նա վախենում էր, թե չլինի՛ հանկարծ թողնե յուր կնոջն ու զավակին, որոնց երջանկության համար միայն ևեթ հանձն էր առել բարոյական սոսկալի պատերազմը, որ արդեն մոտ էր յուր լուծման, և հեռանար, փախչեր իշխանուհու հետ... Նա զգում էր, թե որպես րոպե առ րոպե սառում է ինքը դեպի յուր ընտանիքը, թե որպես յուր սրտի վերջին կապը կտրվում է դրանից. այո՛, նա այդ զգում էր, բայց և միևնույն ժամանակ սարսափում էր, որպես մի սոսկալի ոճրագործ, որ հասկանում էր յուր մեղապարտ արարքի բոլոր ահռելիությունը...

Իշխանուհուց բաժանվելով, երբ նա վերադարձավ տուն, կինը նոր էր վեր կացել։

— Ո՞ւր էիր գնացել, Ստեփաննոս,— հարցրեց նա։

— Զբոսանքի,— սառնությամբ պատասխանեց Հարունյանը։

— Այսպես վա՞ղ։

Ամուսինը չպատասխանեց։

Կինը զարմացած նայեց նրան.

— Այսօր ի՞նչպես ես զգում քեզ,— հարցրեց նա կարճ լռությունից հետո։

— Կատարելապես լավ,— նույն սառնությամբ պատասխանեց Հարունյանը։

Կինն ակամայից հիշեց այն սառնությունը, որով մի ժամանակ իշխանուհին ընդունում էր նրան և խոսում էր նրա հետ։ Նա մտախոհության մեջ ընկավ։

— Թեյ ուզո՞ւմ ես,— այս անգամ երկար լռությունից հետո դարձյալ հարցրեց նա։

— Ինչո՞ւ չէ,— եղավ պատասխանը, որ միևնույն ժամանակ կարելի էր հասկանալ և՛ այսպես՝ միևնույն է, եթե չխմեմ էլ։