նման մի հպարտ կնոջ սրտում։ Երբ նա արդեն կշտացավ ամեն բանով, ինչ որ առաջ յուր համար գրեթե անիրագործելի էր համարում, երբ նա արդեն ծանոթացավ յուր վաղուց ի վեր հոգով ցանկացած բաների հետ, և նրա աչքերին ոչինչ այլևս արտասովոր բան չէր երևում— նա ամուսնուն այլևս բոլորովին աչքից գցեց։ Նա հետզհետե ավելի ու ավելի սկսում էր ձանձրանալ ամուսնուց, որ դարձյալ շարունակում էր նրան սուրբի տեղ պաշտել։ Քմահաճ կնոջը չէին դուր գալիս միամիտ ամուսնու անմեղ սիրային, անմեղ խոսքերն և համբույրները... Շատ անգամ նա բացարձակապես արտահայտում էր յուր զզվանքը։ Ամուսինը մնացել էր սառած, տարակուսած։
Օգուտ քաղելով ամուսնու թույլ և բարի բնավորությունից, նա, ինչպես ասում են, սանձը բոլորովին թողեց։ Պտտվելով անդադար մայրաքաղաքի ազնվական, թեթևամիտ, գեղեցիկ երիտասարդների շրջանում, նա արդեն գրավել էր դեպի ինքն երկրպագուների մի ահագին լեգեոն, որից ամեն մեկը պարահանդեսում, երեկույթներում և հազար ու մի այդպիսի տեղերում, իրեն հատուկ անգիր սերտած սիրապատիր խոսքերով, բարձրացնում էր նրան մինչև Ոլիմպոսի աստվածուհիների տարփածու կայանը... ոչինչ նրան այնքան չէր դուր գալիս և նրա հպարտությունը, փառասիրությունը կրկնապատկում, որքան այն, որ այդ ազնվական գեղեցիկ երիտասարդները միշտ քծնվում էին նրա շուրջը և հավատարիմ շան նման լիզում նրա ձեռքերը, նրա շրջազգեստի ծայրերը։ Տասներեք տարեկան հասակում, երբ նա ռոմաններ էր կարդում, այդպես էին անում և գլխավոր հերոսուհի-կոմսուհիներին, մարկիզուհիներին։
Անցան տարիներ, և մայրաքաղաքի հայտնի շրջաններում սկսվեցան բամբասանքներ իշխանուհի Մելիքյանի մասին։ Մասամբ սուտ, մասամբ ստույգ զանազան լուրեր սկսեցին մի նախանձախնդրի բերանից հաղորդվել մյուսին և այդպիսով տարածվել այդ բանով հետաքրքրվողների մեջ։ Այդ լուրերից մի քանիսը չհապաղեցին հասնել և իշխան ամուսնու ականջին, որոնք նրա թույլ և ազնիվ սրտի վրա մեծ ազդեցություն ունեցան։ Այնուհետև հազար ու մի դառն մտածմունքներ շատ գիշերներ խլեցին նրա աչքերից, սիրելի,