էմման կանգնած էր պատուհանի առջև և նայում էր դուրս։ Նրա առջև բացվում էր Թիֆլիսի մի մասը, որ, կարծես, թույլ կերպով ժպտում էր նորեկ գարնան դեռևս անզոր արևի փոքր-ինչ դժգույն ճառագայթների տակ։ Բաց փիրուզային երկինքը կարծես նույնպես ժպտում էր։ Հեռուն երևում էր հորիզոնը, մառախուղի նոսր, թափանցիկ շղարշով ծածկված։ Մոտակա լեռներն և դաշտերն արդեն կանաչին էին խփում։ Երբեմն տարագնաց թռչունների փոքրիկ երամակներ սրընթաց անցնում էին օդում։ Ամեն տեղ երևում էր գարնան վերածնող շունչի ուժն ու զորությունը։
Էմման կանգնած էր անշարժ։ Շրջազգեստը նրա բարակ իրանից ծանր ծալքերով իջնում էր ցած և շնորհալի տեսք էր տալիս նրա ոչ այնքան բարձր հասակին։ Նրա սևուկ երկար թերթերունքներով սքողված աչքերի մեջ և կիսաբաց, նուրբ շրթունքների վրա խաղում էր մեղմ, երջանիկ մի ժպիտ, որ նրա քնքուշ դեմքի կանոնավոր գծերին մի կատարյալ ներդաշնակություն էր տալիս։ Ոտից ցգլուխ նա երջանկություն, սեր և խաղաղություն էր շնչում։
Դուռը բացվեց, և շեմքում երևաց նրա ամուսինը— բժիշկ Զաքար Մարկոսյանը։
— Էմմա, հիմա ազատ եմ, կուզե՞ս գնանք զբոսնելու,— հարցրեց նա, պարզ ակնոցների միջից նայելով կնոջը։
— Գնանք,— ասաց էմման, շարունակելով նայել դեպի դուրս։ Հանկարծ նա դարձավ և ժպտուն աչքերով նայեց ամուսնու դեմքին։— Հիանալի եղանակ է, չէ՞։
— Հրաշալի՜ ասա,— պատասխանեց Զաքարը։