Փոխանակ կնոջը պատասխանելու, Զաքարը կանգ առավ և կանչեց ցիլինդրով մարդու հետևից։
— Արսե՜ն... Զազո՛նյան...
Ցիլինդրով մարդը կանգ առավ և ետ նայեց։ Մինչդեռ նա հետաքրքրությամբ և զարմացած նայում էր Զաքարին, սա թողեց կնոջը և, մոտենալով նրան, հարցրեց իր մշտական ժպիտը դեմքին.
— Ինձ չե՞ս ճանաչում, Արսե՛ն։
Ցիլինդրով մարդն ավելի խոր նայեց։
— Ներեցե՛ք... ես ձեզ չեմ կարողանում հիշել,— ասաց նա, ըստ երևույթին, փոքր֊ինչ շփոթված։
— Է՜է, բարեկամ, այդպես շուտ չեն մոռանում հին բարեկամներին,— ասաց Զաքարը գլուխը շարժելով։ Բայց տեսնելով, որ ցիլինդրով մարդը դարձյալ շփոթված և զարմանքով խոր նայում է իրեն, գլուխը բարձրացրեց, աչքերը չռեց և ավելացրեց շտապով։— Ես Զաքարն եմ, եղբայր... Մարկոսյանը։
— Ա՜, Զաքար,— հանկարծ դուրս թռավ Զազունյանի բերանից, և նրա լուրջ դեմքի վրա մի ուրախ ժպիտ փայլեց։— Իսկապես որ այդ դու ես,— ավելացրեց նա, մեկնելով նրան իր ձեռքը։
— Վա՜հ, իհարկե, ես եմ,— կանչեց Զաքարը ծիծաղելով և ամուր սեղմեց նրա ձեռքը։
— Ների՛ր, որ չկարողացա ճանաչել․ ժամանակը գիտես որ ամենակարող է։
— Մի՞թե իսկապես ես այդքան փոխվել եմ․ ո՞վ գիտե աչքումդ արդեն ծեր եմ երևում։
— Չէ, ինչո՞ւ անպատճառ ծեր։ Բայց դու բավական փոխվել ես։
— Դու էլ ես փոխվել, հապա ինչո՞ւ ես քեզ իսկույն ճանաչեցի։
— Որովհետև ակնոցներ ունես,— կատակով ասաց Զազունյանը։
Զաքարը բարձրաձայն ծիծաղեց։
— Իսկապես որ, գուցե պատճառն ակնոցներս են,— կանչեց նա և ապա գործնական և հետաքրքիր մարդու արագախոսությամբ հարցրեց.— բայց այս ո՞ւր ես այսքան ժամանակ,