Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զազունյանը ժպտալով կամացուկ խփեց Արամիկի թշին։

— Գեղեցիկ որդի ունեք։ Քանի՞ տարեկան է։

— Թող ինքը պատասխանի։

— Ես հինգ տարեկան եմ, պարոն,— համարձակ ասաց Արամիկը, իր պայծառ աչիկներով նայելով ուղղակի Զազունյանի դեմքին։

— Մի՞թե։ Բայց, իհարկե, դեռ կարդալ չես իմանում։

— Կարդա՞լ։ Ոչ․ միայն անունս գրել գիտեմ։ Մամաս է սովորեցրել։

— Այդ լավ է... բայց չեմ կարծում, թե դու խելոք տղա լինես։

— Ոչ, պարոն, ես խելոք եմ․ ոչ մի ժամանակ չարություն չեմ անում։ Ուզում եք հարցրեք պապայիս, մամայիս։ Գուցե շատ փոքրիկ ժամանակս չարություն եմ արել, բայց հիմա չեմ անում, որովհետև հասկանում եմ, որ չարություն անելը վատ է․ մամաս այդ ինձ հասկացրել է։

Ամենքն էլ ծիծաղեցին։

— Ապրես, ապրես,— ասաց Զազունյանը։— Տեսնում եմ, որ իսկապես խելոք տղա ես, որովհետև լսել ես մամայիդ։ Այդպես պետք է լինել միշտ։

— Հը, ի՞նչպես է,— ինքնազոհ եղանակով կանչեց Զաքարը։

— Երեխան բավական սրամիտ է,— պատասխանեց Զազունյանը։

— Եվ ո՞վ գիտե՝ դու դեռ ամուսնացած չես։

— Ե՞ս,— հապաղելով և մտախոհությամբ պատասխանեց Զազունյանը։— Ոչ։

Էմման ակամա հետաքրքրությամբ նայեց նրա աչքերին։

— Իզո՛ւր, իզո՛ւր, Արսեն,— ասաց Զաքարը փորձված մարդու վստահությամբ։— Եթե միայն գիտենաս, թե որքան քաղցր է կին և որդի ունենալը․․․

— Բայց ոչ ամենքի համար,— նույն մտախոհությամբ պատասխանեց Զազունյանը։

Նա ուրիշ կողմն էր նայում։

— Ի՛նչ ես ասում,— կանչեց Զաքարը,— ամենքի՛ համար, ամենքի՛, հավատացնում եմ քեզ, ամենքի՛։ Բայց,