Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իհարկե, եթե ինքդ վատ կլինես և միշտ վատ կվարվես կնոջդ հետ, այդ ուրիշ բան է։

— Ոչ, կարող է ինքը— մարդը լավ լինել և բոլորովին էլ վատ չվարվել կնոջ հետ, մինչև անգամ կարող է սիրել նրան, և միևնույն ժամանակ բախտավոր չլինել։

— Է՜, բարեկամ, այդ միայն խոսք է, այդպիսի բան չի կարող պատահել։ Իսկ ես ասում եմ անձնական փորձի վրա հիմնված,— ասաց Զաքարը ծիծաղելով և նայեց կնոջը, ըստ երևույթին սպասելով, թե կհաստատի իր ասածը։

Բայց կինը մինչև անգամ չժպտաց, այլ շատ լրջորեն և մտախոհ նայեց Զազունյանին. նրան թվում էր, թե այդ մարդը իր կարծիքը հայտնեց նույնպես անձնական փորձի վրա հիմնված։

— Ավելի լավ է թողնենք այս խոսակցությունը,— ասաց Զազունյանը շատ լուրջ, մինչև անգամ խիստ ձայնով և ավելացրեց,— խնդրեմ ներեք ինձ, ես շտապում եմ։

— Ի՞նչ, դու գնո՞ւմ ես,— կանչեց Զաքարը։

— Այո, մի շատ կարևոր գործ ունեմ, ոչ մի կերպ չեմ կարող հետաձգել։

— Ես կարևոր գործ֊մործ չգիտեմ։ Թեկուզ հազար մարդու կյանք լինես փրկելու, ես քեզ չեմ թողնի հիմա։ Պետք է գնանք մեր տուն։

— Հավատացի՛ր, Զաքար.․․

— Չեմ հավատում։— Ամբողջ տասը տարուց հետո հազիվ գտել ենք միմյանց, և դու գոնե այս մի օրը չես ուզում մեզ հետ անցկացնել։ Գնանք։

— Զաքար, դու խո ճանաչո՞ւմ ես ինձ, էլ ի՛նչ հարկավոր է շատ խոսել։

Զաքարը հուսահատությամբ նայեց կնոջը։

— Էմմա, գոնե դու խնդրիր, գուցե քեզ լսի։

— Զարմանալի է,— պատասխանեց կինը,— ինչո՞ւ դու այդպես պնդում ես։ Պարոնի առաջ մեր տան դռները միշտ բաց են, երբ կամենում է, թող շնորհ բերի, թեև, իհարկե ավելացրեց նա նայելով Զազունյանին,— ես շատ ուրախ կլինեի, եթե այսօր ճաշին մեզ մոտ հյուր լինեիք։

— Որքան էլ այդ ինձ համար ցանկալի և քաղցր լինի, տիկին, անկարող եմ,— պատասխանեց Զազունյանը զիջող