Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եղանակով։— Բայց ես խոստանում եմ երեկոյան անպատճառ գալ ձեզ մոտ։

— Է՛հ, ինչ արած. քո կամքն է,— վերջապես փափկեց Զաքարը։— Ես այնպես համառ չեմ կարող լինել, ինչպես դու։ Բայց երեկոյան...

— Խոսք եմ տալիս, որ կգամ։

Զաքարը տվեց իրենց հասցեն։

Զազունյանը սեղմեց երեքի ձեռքն էլ և հեռացավ։

3

Մարդ ու կին դարձյալ թևանցուկ արին և, Արամիկին առաջ գցելով, առաջ անցան։

— Ի՛նչ տարօրինակ մարդ էր բարեկամդ,— ասաց էմման։

— Ի՞նչպես։ Որ այնպես տաք֊տաք չընդունեց ինձ, ինչպես ես՝ նրան, և շուտով էլ փախա՞վ,— հարցրեց Զաքարը։

— Չէ, առհասարակ։

— Այդ ճիշտ է, բայց որ լավ ճանաչես, կտեսնես, որ դրա պես բարի, խելոք, անձնազոհ, գլխավորը՝ ազնիվ մարդ հազիվ թե գտնվի։ Ես նրան շատ լավ եմ ճանաչում։ Ես ու նա ամբողջ տարիներ մի ուսումնարանում, մի համալսարանում, մի նստարանի վրա ենք անցկացրել, ա՛յ, այսպես, ինչպես հիմա ես ու դու կողք֊կողքի անցնում ենք։ Ասում եմ, էլի, ամբողջ աշխարհը ճրագով ման գաս, դրա նման ճշմարիտ մարդ չես գտնի։ Եթե հավատանք, որ աշխարհիս երեսին սուրբ մարդ կա, այն էլ միայն դա պետք է լինի․․․

էմման բարձրաձայն ծիծաղեց։

— Ինչո՞ւ ես ծիծաղում,— հարցրեց Զաքարը։

— Ոչինչ, դու շարունակիր։

— Ի՞նչ, չե՞ս հավատում, կարծում ես չափազանցում եմ։

— Ո՞վ է ասում,— ասաց կինը, շարունակելով ծիծաղել։

— Տեսնո՞ւմ ես, սիրելիս, դու ծիծաղում ես, բայց ես քեզ ճշմարիտ բան եմ ասում։ Իսկ ինչո՞ւ չես ուզում հավատալ, նրա՛ համար, որ աշխարհիս երեսին վատ մարդիկ այնքան շատացել են, որ լավ մարդկանց գոյությունն էլ