Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անհավատալի է թվում։ Այ, ես քեզ հիմա նրա ուսանողական կյանքից մի բան կպատմեմ, և դու կտեսնես, որ նրան այդքան գովելով չեմ չափազանցում։ Բայց դու, խնդրեմ, մի ծիծաղիր։

— Չեմ ծիծաղի, պատմիր։

— Մի անգամ գիմնազիոնում դասընկեր աշակերտներից մեկը մի ինչ-որ շատ վատ բան էր արել. թե ինչ բան, ես քեզ այդ չեմ ասի... Իսկապես հայտնի չէր, թե ով էր այդ շատ վատ բան անողը. բայց ինչպես էր, ինչպես չէր, կասկածը Զազունյանի վրա էր ընկել։ Ոչ ոք չէր հավատում, իհարկե, թե Զազունյանն ընդունակ կլինի որևէ վատ արարքի, ո՞ւր մնաց մի այնպիսի բանի, որպիսին անհայտ աշակերտն էր արել, որն և ամբողջ գիմնազիոնում սարսափելի աղմուկ էր ձգել։ Բայց և այնպես Զազունյանին մանկավարժական ժողովը դատի կանչեց։ Զազունյանը ժողովին հայտնեց, որ «շատ վատ բան» անողն ինքը չէ, այլ ուրիշը, բայց թե ով, այդ ինքը չի ասի, չնայելով որ գիտե։ Մանկավարժական ժողովն ստիպեց որ ասի— չասաց, մինչև անգամ ժողովն սպառնաց, որ նրան կվռնդեն գիմնազիոնից— դարձյալ չասաց։ Եվ վռնդեցին։ Ամբողջ գիմ...

— Սպասի՛ր,— ընդհատեց նրան կինը։— էլ ինչո՞ւ էր նա ժողովում հայտնում, թե գիտե ով է «շատ վատ բան» անողը, երբ չէր ուզում նրա անունը հայտնել, ուղղակի կասեր՝ չգիտեմ։

— Չէ, սիրելիս, դու սխալվում ես. նա որոշ նպատակ է ունեցել, որ այդպես է ասել. նա ուզել է, որ հանցավոր աշակերտն իմանա այդ և ինքն իր բերանով խոստովանի։

— Հետո՞, խոստովանե՞ց։

— Ասեմ. այդպես ուրեմն, Զազունյանիս վռնդեցին գիմնազիոնից... Բայց գուցե այս էլ կարծես, որ նախ՝ մեծ հիմարություն է վատ ընկերոջ պատճառով կամովին թույլ տալ, որ իրեն արձակեն ուսումնարանից և երկրորդ անբարոյականացնել է նշանակում հանցավոր ընկերոջ անունը ծածկել, որպեսզի նա իրեն արժանի պատիժը չստանա։ Այդպես էլ ես կարծում, չէ՞։ Համաձայն եմ քեզ հետ, և այն ժամանակ շատերն էլ այդպես էին կարծում, նույնիսկ մանկավարժական ժողովը, որ հենց այդ բանի համար էլ վռնդեց նրան գիմնազիոնից։