— Չէ, սիրելիս, մի ծիծաղիր. ես քեզ ճշմարիտ բան եմ ասում․ թե չէ՝ խո գիտես, ես սուտ խոսել չեմ սիրում։
— Բայց չափազանցել սիրում ես։
— Տեսնո՞ւմ ես, դու դարձյալ քոնն ես պնդում։ Երբ որ այդպես է, էլ ի՞նչ զանազանություն կա սուտ խոսելու և չափազանցելու մեջ։
— Այն, որ մի բանի վրա տասն էլ իրենց կողմից են ավելացնում, լուն ուղտ են շինում։
— Այնպես որ եղելությունն էլ մի սուտ բան է դառնում։
Էմման նայեց նրան և դարձյալ ծիծաղեց։
— Այո,— ասաց նա։
— Երբ որ այդպես է, ես էլ քեզ ոչինչ չեմ պատմի,— վիրավորված եղանակով ասաց Զաքարը։
Էմման շարունակեց ծիծաղել։
— Կպատմես,— ասաց։
— Չեմ պատմի։
— Կպատմես։
— Չեմ պատմի։
— Չէ, պատմիր, բայց քեզանից ոչինչ մի ավելացնիր։
— Ո՞վ է ավելացնում, է՜,— կանչեց Զաքարը բարկացած։
Էմման դարձյալ ծիծաղեց։
— Լավ, լավ, մի բարկանար,— ասաց նա։— Ա՛յ, դու ինձ այս պատմիր, թե ո՛վ և ի՛նչ պաշտոնի տեր է այդ քո բարեկամը։ Անպատճառ որևէ բանկի դիրեկտոր կլինի, կամ որևէ ֆիրմայի ներկայացուցիչ։
— Ինչի՞ց ես եզրակացնում։
— Ցիլինդրից, հագուստից։
— Ճիշտն ասած, ես էլ չգիտեմ,— ասաց Զաքարը։— Ծնողների մահից հետո չքացավ և այն գնալն էր որ գնաց։ Ուր գնաց և ինչ էր անում մինչև հիմա, այդ ինչպես դու գիտես, այնպես էլ ես։ Այդ էլ երևի կիմանանք այս երեկո։
Երեկոյան՝ իր խոստման համաձայն՝ Զազունյանը այցելեց Մարկոսյաններին։ Հյուրասենյակում նրան ընդունեց էմման։