Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


պաշտելի կնոջ կասկածելի կյանքը, մանավանդ որ նրան կից էր և՛ յուր՝ մինչև այժմ ազնիվ, հարգված անունը— նրա սոսկալի մտատանջությունների պատճառը դարձավ, որոնց հետևանքն այն եղավ, որ նա ամենածանր կերպով հիվանդացավ թոքախտով և, չնայելով բժիշկների ջանքերին, մի քանի ամսից հետո մեռավ։

Ամուսնու մահը մանկահասակ իշխանուհուն այնքան չվշտացրեց, որքան այդ պետք է մի կնոջ, որն եթե ոչ սիրել, գոնե ընդերկար ապրել է յուր ամուսնու հետ, որի կողմից, բացի անկեղծ սիրուց, անվերջ գուրգուրանքից, ոչ մի վատ բան չէ տեսել, ոչ մի վատ խոսք չէ լսել։ Բայց որպեսզի ընդհանուր կանոնից և քաղաքավարության ու ազնվության սահմանից անցած չլինի, նա մի քանի ամիս «սուգ պահեց»։ Նա դրանով ոչինչ չկորցրեց, այլ, ընդհակառակն, ավելի հետաքրքրելի դարձավ շրջապատողների մեջ... Այնուհետև նա նույն գեղեցիկ, մանկահասակ, բայց այժմ ավելի քնքշացած, ավելի սիրելի դարձած իշխանուհի Մելիքյանն էր, ինչ որ առաջ։ Այժմ նա արդեն բոլորովին ազատ էր և անկախ, մանավանդ որ, ամբողջ վեց տարի ամուսնացած լինելով, ոչ մի զավակ չուներ...

Ամուսնու մահից հետո անցան դարձյալ տարիներ, և մայրաքաղաքի աղմկալից կյանքը ձանձրացրեց իշխանուհի Մելիքյանին։ Նա վերադարձավ յուր հայրենիքը— Թիֆլիս՝ առաջինը փոքր-ինչ հանգստանալու և երկրորդն— այցելելու յուր ժառանգական կալվածները, որոնք երկար ժամանակ գրեթե անտեր էին մնացած։ Թիֆլիսում, որովհետև նա բոլորովին մենակ էր, այդ պատճառով կամեցավ տեսակցել գիմնազիոնական յուր նախկին ընկերուհիների հետ, որոնցից այդ ժամանակ շատերն արդեն ամուսնացած և զավակների տեր էին դարձած, որոնցից էր և Նունեն— այժմ տիկին Հարունյանը։ Վերջինիս նա հանդիպեց նրա ամուսնու հետ, ինչպես գիտենք՝ ամառային թատրոնում։